«ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ZOOM ՀԱՐԹԱԿՈՒՄ

«ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ZOOM ՀԱՐԹԱԿՈՒՄ

2837

Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել:

Մարկ Արեն

Մայիսի 3-ին Zoom հարթակում տեղի ունեցավ քննարկում «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի և դրա մոտիվներով նկարահանված հեռուստասերիալի քննարկումը, որը կազմակերպել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ը:

Արդի հայ արձակագիր Մարկ Արենի երկրորդ վեպը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թվականին։ Վեպում նկարագրվում են հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։

Հանդիպումը հուզական և ոգևորված նոտայով սկսվեց. Ֆիլմում բոլորին տպավորել էր հայկական օրորոցայինը, որը կատարում էր Հռիփսիմե Նահապետյանը: Ուսանողուհի Մերի Մանուկյանի կարծիքով՝ հեռուստասերիալում գրեթե ոչինչ չէր փոխվել. հավանել էր և’ հեռուստասերիալը, և’ գիրքը: Նշեց նաև, որ հեռուստասերիալը դիտել է՝ արցունքն աչքերին. «Գիրքը կարդացել եմ վաղուց՝ երևի թե հինգ-վեց տարի առաջ: Հեռուստասերիալն ավելի պատկերավոր է դարձնում այն զգացմունքները, որոնք դու դիտում ես, այլ ոչ թե կարդում: Ինձ համար հզոր կերպար էր Մուստաֆա Ղազիի կերպարը, ում մարմնավորում էր Սերժ Ավետիքյանը: Ինչպես է մարդը, լինելով հայ, կարողանում մարմնավորել թուրքի կերպար: Լինել Թուրքիայում հայտնի կազմավորման անդամ. ինձ համար սարսափելի է, որ հնարավոր է կյանքիդ մայրամուտին` ութսունհինգ տարեկանում, իմանալ, որ ատել ես այն ազգին, որի մի մասնիկը դու ես»:

Քննարկմանը մասնակցում էր նաև «Հերացի» ավագ դպրոցի հայոց լեզվի, գրականության և եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանը, որը հանդիպման մասին տեղեկացել էր իր աշակերտուհուց, քանի որ սոցիալական հարթակներում չկա: Ուսուցչուհին նշեց, որ վերջերս Խորեն Լևոնյանը հետաքրքիր դիտարկում է արել` ասելով, որ անգամ մեկ սերիայում հսկայական  ինֆորմացիա կա կուտակված: Առկա պատմական տեղեկատվությունը մտածող մարդուն մեկ անգամ ևս մտորելու տեղիք կտա: Հետո անցում կատարեց գրքին. «Հաշվի առնելով, որ հեղինակը բանասեր չէ և իր դիպլոմային աշխատանքը պաշտպանել է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, հետաքրքիր ստեղծագործություն է, մանավանդ գրքում արտահայտված մտքերը, օրինակ՝ «Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել», «Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ՝ վախի միջով։ Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը։ Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել։ Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ»»։

Երրորդ կուրսի ուսանողուհի Անի Վաթինյանի համար թե՛ գիրքը, թե՛ հեռուստասերալն ունեն իրենց առանձնահատկությունները. կարդալիս գրքի վրա կարողանում է նշումներ անել, իսկ հեռուստասերիալը հույզեր է փոխանցում: Նա ասաց, որ հեռուստասերիալում իր սիրելի կերպարը Քեթն է, ում մարմնավորում էր Մանե Մխոյանը: Անին մեջբերեց, իր կարծիքով, սերիալում ամենատպավորիչ խոսքերը. «Սահմանները միայն քարտեզի վրա են, սիրո համար սահմաններ չկան»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ վեպը կարծես անավարտ էր, անորոշ և չուներ անսպասելի ավարտ: Ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանի խոսքով՝ հեղինակը ավարտով փորձում է խնդիր լուծել, սակայն խնդիրը օդում կախված է մնում: Նա նաև մեջբերեց «Եթե բոլորը» ֆիլմի ավարտը և համեմատություն կատարեց. «Ինձ համար ստեղծագործությունը թերի է: Հրաշալի կլիներ, եթե լիներ շարունակություն, քանի որ կերպարները լիարժեք չեն կերտված, գագաթնակետային կերտում չունեն, այնինչ՝ նման թեմա շոշափողը պետք է այն հասցնի գագաթնակետին: Իսկ «Եթե բոլորը» ֆիլմի լուծումը հետաքրքիր է, քանի որ երկու կողմի տեսակետները ներկայացվում են ավարտում:

Ֆիլմում և գրքում քննարկված հիմնահարցերը, երկու երկրների հարաբերությունները և կերպարները քննարկման մասնակիցներին տարան պատմական անցյալ և միաժամանակ բերեցին ներկա իրականություն: Երկրների միջև թշնամության, ապագայում հաշտության մասին մտորումներով էլ հանդիպումն ավարտվեց:

Վիկտորյա Հովեյան

2-րդ կուրս

Կիսվել