«ԵԹԵ ԵՍ ՉՀԱՂԹԵԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԻՑ ԵՏ ՉԳԱՅԻ, ԳՈՒՑԵ ԵՐԵԽԱՍ ՉՄԵԾԱՆԱՐ». ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ...

«ԵԹԵ ԵՍ ՉՀԱՂԹԵԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԻՑ ԵՏ ՉԳԱՅԻ, ԳՈՒՑԵ ԵՐԵԽԱՍ ՉՄԵԾԱՆԱՐ». ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԿԱՄԱՎՈՐ ԳԵՂԱՄ ՄՈՒՇԵՂՅԱՆ

1951

 «1988 թվականին Արցախում սկսվում էր գոյամարտ, որն առաջինն էր իր տեսակով. այն առաջինն էր, որ մղվում էր հանուն գաղափարախոսության ու միասնության»։ Այս խոսքերը կարող են հաստատել այն մարդիկ, որոնք, առանց մեկ վայրկյան մտածելու, դարձան կամավոր ու գնացին առաջնագիծ։

Արցախյան ազատամարտի, հաղթանակի և կամավորների հիշողությունների մասին զրուցեցինք Արցախյան ազատամարտի կամավոր, «Դաշնակների կամավորական ջոկատ»-ի անդամներից Գեղամ Մուշեղյանի հետ: Նա պատմեց. «Մենք այն ժամանակ չունեինք բանակ, բայց մեր ջոկատները ադրբեջանական բանակից տարբերվում էին նրանով, որ մեր հենքը նվիրումն էր։ Առաջնագծում կանգնած էին բացառապես  կամավորականները, որոնք հեռվում թողել էին ընտանիք, հղի կին, ծեր ծնողներ, ընկերներ, ու մի վայրկյան անգամ չէին փոշմանել, որովհետև մարտի ելած մարդն իր երկիրը սիրում է իր երեխայի պես։ Ես քաղաքում թողել էի իմ մեկ ամսական երեխային ու եկել էի կռիվ։ Վախ կար, որ երեխաս անհայր կմնա, բայց, եթե ես չգայի, գուցե երեխաս չմեծանար»:

Գեղամ Մուշեղյանը «Դաշնակների կամավորական ջոկատ»-ի անդամներից էր, նա և իր ընկերները առաջիններից էին, որ  զենքից օգտվել չիմանալով՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համարձակություն ունեցան։

Գեղամի պես շատերն էին, որոնք ռոմանտիկ մտքերով, ոգևորված գնացին առաջնագիծ, դարձան կամավոր՝ չիմանալով՝ ինչ է սպասվում իրենց։ Նրա ընկերը՝ Սարգիս Աղաջանյանը, անչափահաս էր, երբ գնաց կռիվ։ Նա պատմեց. «Մենք այսօր էլ պատերազմի մեջ ենք։ Արցախը մեզ համար սրբություն է, ու սա ամենևին էլ կենաց չէ. մենք կենացներ չենք խմում, բաժակ չենք բարձրացնում այդտեղ թողած տարիների համար, որովհետև մեզ համար դա իրողություն է, որի մեջ ապրել ենք։ Մենք երբեք չենք ասում՝ Աստված չանի պատերազմ լինի։ Պատերազմ պետք է լինի, որ հետ բերենք մեր կորցրածը։ Իրականում Արցախը լոկ սահման չէ, այդտեղ փշալարեր չեն ու շներն էլ չեն հսկում, էնտեղ մեր տղերքն են, որոնք դարձել են մերօրյա հերոսներ»։

Կամավորներից շատերի համար կյանքը բաժանվել է երկու մասին, իսկ ոմանք հերքում են այդ փաստը, բայց մի բան հստակ է՝ նրանք պատերազմի մասին հիշում են ժպիտով, խոսում շատ քիչ, իսկ երբ խնդրում ես պատմել այնտեղ ունեցած հիշողությունների մասին, սկսում են մատնացույց անել իրենց ընկերների սխրանքները։

Մարտին Մուրադյանը, ում անունը ազատամարտի տարիներին կնքվեց Քեռի, մինչև հիմա հիշում է, թե ինչպես էր թաքուն մտնում բեռնատար մեքենաների մեջ, որ գնա սահման։ Նա պատմեց. «Մի դանակ ունեի ու միայն այդ դանակից էի կարողանում օգտվել: Երբ լսեցի Շարժման մասին, վերցրի այդ դանակս ու գնացի առաջնագիծ։ Արցախի գյուղերի ճանապարհները ռուս ոստիկաններն էին հսկում՝ «պասպոռտնի ռեժիմ էր»։ Կեղծ անձնագրեր էինք հանում, ասում էինք, թե գյուղ ենք էկել՝ տատիկի տուն, հողը մշակելու, համալսարանից են ուղարկել, կամ էլ մտնում էինք բեռնատար մեքենաների մեջ, որոնք բանջարեղեն էին տեղափոխում, սավանով ծածկվում ու լուռ հասնում մեր ընկերներին։ Էս ճարպիկությանս, անտառում արագ կողմնորոշվելու ու բույսերից քիչ թե շատ գլուխ հանելու պատճառով էլ տղերքը անունս դրեցին Քեռի ու հիմա շատերն անգամ չգիտեն, որ իրական անունս Մարտին է»։

Քեռին միակը չէ, ում տղաները ճանաչում են մականվամբ։ Արամ Հակոբջանյանին նույնպես տվել էին երկրորդ անուն՝ Պովր էին ասում, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ անգամ հաց էր պատրաստել տղաների համար։

Պովր Արամը մեզ հետ զրույցում միայն իր անվան պատմության մասին խոսելիս էր ժպտում, մյուս դեպքերում աչքերում նկատելի էին թախիծ, իսկ ձայնում՝ դող։ Նա հպարտությամբ մատնացույց էր անում իր հետ կռված տղաներին, թախծում ու պատմում իր ընկերների սխրանքների մասին. «Մեր ընկերներից Պողոսյան Արամը, երբ հասկացավ, որ շրջափակման մեջ է ու գերի էր ընկնելու, նռնակի օղակը քաշել էր, որ համ ինքը պայթեր, համ էլ իր հետ մի քանի թուրք տաներ, բայց հեռվից լսեր էր Դուշմանի արձակած ազդանշանն ու օղակը տեղը դրել։ Իսկ մեր մյուս ընկերը՝ Պետրոսը, դիրքերից իջնելիս տղաներին հրահանգել է գնալ արդեն ծանոթ ճանապարհով, իսկ ինքն իջել է մյուսով՝ տարածքը ստուգելու համար։ Ճանապարհին տեսել է, որ վիրավոր կա, որին չի կարելի տեղաշարժել։ Եկել է հետ, մեքենա է վերցրել, որի մեջ պատգարակ կար ու գնացել է վիրավոր տղայի մոտ՝ չնայած նրա, որ գիտեր՝ տարածքն ականապատված է. ճանապարհին զոհվել է։ Իսկ այդ տղան իր որդու անունը դրել է մեր ընկերոջ պատվին»:

Արցախյան ազատամարտի հերոսները մեզ պատմեցին, որ իրենց համար ամենադժվարը մարտական ընկերների մահվան լուրը հարազատներին հայտնելն էր։ Նրանք ամեն անգամ մեկը մյուսի վրա էին գցում այդ ծանր լուրը՝ շատ պարզ հասկանալով, որ զոհվածի հարազատները հեռախոսազանգից արդեն հասկանում էին, ու բառեր փնտրելու անհրաժեշտություն չկար. «Մեզ համար ամենապարտավորեցնողը սևազգեստ կանայք էին, որոնց նայելիս հասկանում էիր, որ տան տղամարդը զոհվել է երկրի սահմանները պաշտպանելիս։ Մի անգամ դիրքերից իջել էինք, քաղաքի փողոցներով զբոսնում ու հաց էինք բաժանում։ Տեսանք մի սևազգեստ տիկնոջ. ձեռքին ելակներով դույլ կար։ Մենք երևի տաս տղամարդկանցով երեք ժամ համոզեցինք, որ երկու մատնաքաշ վերցնի, բայց ինքը մեզնից ամուր ու ուժեղ դուրս եկավ՝ մատնաքաշը վերցրեց, որ մեզ չվիրավորի, դրա փոխարեն մեզ տվեց ձեռքի զամբյուղը։ Հայ կանայք շատ ուժեղ են, մեր մարտական ընկերոջ թաղման ժամանակ մայրը տղայի դագաղի դիմաց կանգնեց, արցունքները մաքրեց ու ասեց, որ ոչ մեկ չհամարձակվի ասել, թե ինչի ենք սահման գնում, Ղարաբաղի համար ինչի՞ պետք ա կռվենք ու զոհվենք։ Գնում եք սահման, որ ազատագրվենք»:

Կամավորներն իրենց հոգում ունեն հազար հուշ, որոնք շոշափելի են դարձնում մեր հաղթանակները։ Նրանց համար պայքարը դեռ շարունակվում է ու անհրաժեշտության դեպքում նորից կգնան սահման, այնպես, ինչպես գնացին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ տարիները նրանց հաղթանակից բացի տվեցին ընկերներ ու սեփական հողը արժևորելու գիտակցություն։ Այդ տարիները նրանցից վերցրին ժամանակ, որը տղաների համար ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ ունեն, իսկ խրամատում թողած գաղտնիքների մասին բարձրաձայնել՝ այդպես էլ չցանկացան։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել