ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

1148

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ առցանց ուսուցումը ԵՊՀ-ում կշարունակվի մինչև ուսումնական տարվա ավարտը։ Առցանց են կազմակերպվելու նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը. «Առցանց ռեժիմին անցումը կրթական համակարգի համար որոշ իմաստով սթրեսային էր։ Թե´ դասախոսական, և թե´ վարչական աշխատանքի մոտեցումները վերանայման կարիք ունեցան»։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս օրերին ամփոփվում են նախապաշտպանության արդյունքները, և ինչպես տիկին Մենեմշյանը փաստեց. «Ամբողջ գործընթացը կազմակերպվում է «e-learning» համակարգի միջոցով, մինչդեռ ուսանողներից և դասախոսներից շատերը այս համակարգի հետ աշխատանքի բավարար փորձ չունեն, և, իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջանում են անընդհատ։ Սակայն բոլոր խնդիրները լուծվում են շատ արագ, քանի որ համալսարանի վարչական աշխատողներն արձագանքում են անմիջապես։ Դժվարություններով սկսեցինք, բայց պետք է արձանագրենք, որ արդյունքները բավական լավն են»։  

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը նշեց, որ եթե բուհերի բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերը սկսեցին իրականացնել հեռավար ուսումնառություն, ապա իրենք՝ ավարտական կուրսերի ուսանողները, մասնակցեցին ավարտական աշխատանքների հեռավար նախապաշտպանությանը, հիմա էլ պատրաստվում են առցանց պաշտպանության։ «Անկեղծ ասած սկզբում ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունը ուսանողների համար ոչ այդքան նախընտրելի տարբերակ էր, քանի որ այդ օրը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ոչ միայն ավարտական աշխատանքի թեմայի շուրջ մեր ուսումնասիրության և մասնագիտական հետազոտության արդյունքները, այլև վերջին չորս տարիների մեր համալսարանական կրթության վերջնարդյունքը»,- անկեղծացավ Միլենա Մկրտչյանը։ Նա ասաց նաև, որ մինչ հեռավար նախապաշտպանությունը մի փոքր մտավախություն ունեին, քանի որ առաջին անգամն էր, որ պետք է «e-learning»-ից օգտվեին, բայց ամեն բան անցավ առանց տեխնիկական խոտանների։

 Զրուցեցի նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոոսյանի հետ, նա նշեց. «Նախապաշտպանությունը անցավ հարթ և հետաքրքիր։  Ուսանողների կատարած աշխատանքը հիմք է տալիս կարծելու, որ նրանք նախապատրաստվել են հանգամանորեն, հետևել գիտական ղեկավարների խորհուրդներին»: Դեկանի համոզմամբ՝ ուսանողները ամփոփիչ ատեստավորմանը կներկայանան հավուր պատշաճի և պաշտպանության նոր ձևաչափն ու պայմանները չեն խանգարի, որ նրանք կարողանան ցույց տալ իրենց գիտական, հետազոտական աշխատանք կատարելու և այն ներկայացնելու հմտությունները։

Մանե Մարտիրոսյան

3-րդ կուրս

Կիսվել