Գեղեցկության մասին պատկերացումները տարբեր են, սակայն այսօր շատերն են դիմում կոսմետոլոգիական միջամտությունների: Ոլորտի մասին զրուցել ենք բժիշկ – կոսմետոլոգ Հասմիկ Թադևոսյանի հետ։
– Հասմիկ, վաղո՞ւց եք այս ոլորտում։ Հե՞շտ է, դժվա՞ր է..
– 35 տարեկանից: Կարելի է ասել՝ բավականին հասուն տարիքում եմ որոշել զբաղվել կոսմետոլոգիայով: Շատ սիրում եմ իմ աշխատանքը: Այն ունի նաև բարդություններ, խնդիրներ, բայց ես շատ սիրելով, մեծ հաճույքով եմ աշխատում ու հաղթահարում:
– Ի՞նչ դժվարություններ նկատի ունեք։
-Մարդկանց հետ աշխատելը: Ինչպես բոլոր բնագավառներում, որտեղ կան տարբեր մարդիկ, այստեղ էլ նույն խնդիրն է՝ ճիշտ հասկանալ հաճախորդին, հաճախորդի կողմից ճիշտ հասկացվել և շարունակել աշխատել միմյանց հետ։
– Լինո՞ւմ են դեպքեր, երբ հաճախորդները ցանկանում են այնպիսի կոսմետոլոգիական փոփոխություններ, որոնք դեմ են բժշկությանը։
– Այդպիսի խնդիրներ դեռևս իմ պրակտիկայում չեն եղել և չեմ կարծում, որ կլինեն: Դժվարություն կամ խնդիր է առաջացնում զուտ էսթետիկ տեսակետից, երբ, որպես մասնագետ, գտնում ես, որ դա հաճախորդին չի սազի, կամ սխալ է փոփոխությունը: Ես կասեի՝ զուտ այդ առումով։
– Մեր օրերում գեղեցկությունը զոհեր պահանջո՞ւմ է։
– Ոչ, կոսմետոլոգիան հիմա այնպես է զարգացած, որ ամեն ինչ լինում է անցավ: Կարճ ժամանակում ստանում ենք այնպիսի արդյունքներ, որ գոհացնում ենք մեր հաճախորդներին։
– Հասմիկ, ըստ Ձեզ՝ ո՞ր տարիքում է ճիշտ դիմել բժիշկ–կոսմետոլոգին՝ կատարելու դիմային վիրահատություններ։
– Եթե արդեն տարիքային խնդիր կա, իհարկե, շատ ցանկալի է, դիմել վիրահատության և երջանկանալ՝ վերադարձնելով երիտասարդությունը։
– Ավելի շատ ո՞ր վիրահատական միջամտություններին են դիմում հաճախորդները։
– Բոլորը, կարծես առաջինը, դեմքի փոփոխություն են ցանկանում: Սկսում են շուրթերից, հետո քիթը, հետո արդեն այտոսկրերը, աչքերը, հոնքերն են բարձրացնում։
– Արտասահմանում կա՞ն կոսմետոլոգիական նորամուծություններ, որոնք դեռևս Հայաստանում կիրառելի չեն։
– Չէի ասի, մենք շատ արագ տեղեկանում ենք և ինքներս այդ նորությունները բերում ենք Հայաստան: Երբ նոր մեթոդներ, նոր նյութեր, նոր թելեր և այլ միջոցներ են լինում, մենք շատ շուտ տեղեկանում ենք և այստեղ կիրառում:
Նորա Ղազարյան
2-րդ կուրս