ԿՈՒՌՔԵՐ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ՞, ԹԵ՞ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

ԿՈՒՌՔԵՐ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ՞, ԹԵ՞ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

1129

26- ամյա Լիլիթ Նազարյանը կորեական հայտնի BTS խմբի երկրպագուն է, նրա կուռքը խմբի վոկալիստ ՉոնԳուկն է: Լիլիթը պատմեց, որ 2013 թվականից ՉոնԳուկն  իր կուռքն է դարձել. հենց տեսել, միանգամից սիրահարվել է: Լիլիթի աչքերը փայլեցին ու նա ասաց.
«Նա իմ կյանքի կտորն է, իմ ամեն ինչը, եթե չլինի, չեմ կարող ապրել»:
Լիլիթն անգամ իր հագուկապն է փոխել. որոշել է Չոնի նման հագնվել, մազերն էլ պատրաստվում է նրա նման կտրել. «Իմ երազանքն է, որ ես նրան իրական կյանքում տեսնեմ, գրկեմ ու ասեմ, թե ինչքան եմ իրեն սիրում: Ես հանուն Գուկի ամեն ինչի պատրաստ եմ: Ինքն իմ կյանքն է, իմ շունչը»:
Լիլիթը շատ է ուզում երգչուհի դառնալ՝ նշելով՝ որտեղ ինքը, էնտեղ էլ ես:

19-ամյա Մկրտիչ Առաքելյանն էլ իր կուռքն է համարում Բարսելոնա ֆուտբոլային ակումբի առաջատար Լիոնել Մեսսիին: Ասում է, որ մանկուց դիտել է ֆուտբոլ, 4  տարեկանում Լիվերպուլի ավագ Ջերրարդին է երկրպագել: Սակայն 6 տարեկան էր, երբ իր մոտ ամեն ինչ փոխվեց. նա բացահայտեց իր հետագա կյանքի կուռքին՝ Մեսսիին.
«2007-ի մարտին Բարսելոնա- Ռեալ Մադրիդ խաղն էր, որն ավարտվեց 3:3 հաշվով: Բարսելոնայի երեք գոլն էլ խփեց Մեսսին, 19 տարեկան Մեսսին: Մեկնաբանից մինչև այդ խաղը նայող վերջին մարդը շոկի մեջ էին, թե ոնց է էդ տարիքի տղան ստորացնում Ռեալի աստղերին»,- մեծ ոգևորությամբ պատմեց Մկրտիչը:
Ասում է, որ այդ խաղից հետո տարվել է Մեսսիով, փոքր ժամանակ միշտ ուզել է երկար մազեր ունենալ: Նշեց՝ այդ ժամանակ ցանկություն է հայտնել ֆուտբոլիստ դառնալ.
«Մերոնք ասում էին քո ոտքերին խփեն, կսկսես լացել, իսկ տես՝ ինքը ոնց է ելնում ու վազում: Էդպես իրան ինձ օրինակ դարձրին»:
Ասում է՝ այսօր բացի սանրվածքից ամեն ինչով ուզում է կրկնօրինակել Մեսսիին. ժեստերը, դեմքի միմիկաները, գոլը տոնելու ձևը: Ճիշտ է, նա չի դարձել ֆուտբոլիստ, բայց շարունակում է հավատարիմ երկրպագու մնալ. «Օր չկա, որ անունը չտամ, իրեն չմեծարեմ, չպաշտեմ, անընդհատ ասում եմ՝ ինքն էդքան բանի միջով անցել է, դիմացել, հասել Օլիմպոսի գագաթին, ուրեմն ես էլ կարող եմ իմ ոլորտում հասնել: Ես ուզում եմ տեսնեմ իրեն, ձեռք տամ, ստուգեմ իրական է, թե չէ»- եզրափակեց Մկրտիչը:

Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ մեր օրերում շատ դեռահասներ և երիտասարդներ տաբեր իրեր, տարբեր մարդկանց դարձնում են կռապաշտության առարկաներ կամ պայմաններ: Այնուհետև պարզաբանեց. «Սակայն երիտասարդները պետք է հասկանան, որ որևէ բան կյանքում Աստծուց ավելի կարևոր լինել չի կարող, և սա ամենակարևոր ու հիմնական հոգևոր զգացումն է, որ, որպես դաստիարակություն, պետք է փոխանցվի երիտասարդներին»:
Նա կարծում է, որ այս գործում մեծ դեր ունի թե՛ ընտանեկան դաստիարակությունը, թե՛ եկեղեցու քարոզչությունը:
Քահանան հիշում է աստվածաշնչյան «Կուռքեր չշինես քեզ համար» պատգամը, որի մեկնությունն այն է, որ միայն Աստված է կենդանի Աստված և այլ աստվածներ չպետք է ունենալ:
Ըստ Տեր Եսայիի՝ երկրպագելու և կուռք դարձնելու միջև տեսականորեն տարբերություն չկա, սակայն հաճախ երկրպագել ասվածի տակ իր բուն իմաստը չենք հասկանում և հասկանում ենք պարզապես հավանել, սիրել: «Մարդը կարող է որևէ դերասանի կամ սիրելի երգչի դարձնել կուռք և երկրպագության առարկա, բնականաբար, եթե բառի ուղիղ իմաստով ենք մենք հասկանում, երբ այդ երկրպագությունը վերածվում է կռապաշտության, այս դեպքում մարդը խախտում է աստվածային պատվիրանը»,- նշում է քահանան և հավելում, որ մնացած դեպքերում ավելի ճիշտ է ասել, որ ոչ թե երկրպագում ենք այս կամ այն երգչին, դերասանին, այլ պարզապես հետևում ենք նրանց, ցավում ենք նրանց համար, ցանկանում ենք տեսնել նրանց հաջողությունները:

Այս թեմայով զրուցեցինք նաև հոգեբան Անուշ Կարապետյանի հետ: Նա ասաց, որ եթե «կուռք» եզրույթը փոխարինվի գիտական «հեղինակային անձ» եզրույթով, ապա կարելի է փաստել, որ մարդն ի սկզբանե հակված է ունենալ իր գլխում հեղինակային անձանց ու այս առիթով նշեց.
«Սկզբում ծնողներն են, հետագայում, երբ ծնողներն իր աչքում այդ աստիճան կատարյալ և անթերի չեն երևում, նրանք նույն մոդելով այլ, ավելի հատկանշական անձանց են գտնում, կամ էլ՝ Աստծուն»:
Նա նաև հավելեց, որ կուռք ունենալը կամ հեղինակային անձանց իրենց մտքերում ունենալը պարզապես անհրաժեշտ է անձի հոգեկանին, և դա նաև անձի իդեալական «ես»ն է, որն արտացոլվում է այլ օբյեկտների վրա. ««Հեղինակային անձանց» կամ իդեալական «ես» ունենալը մարդուն մղում է մշտական աճի ու կատարելագործման, մինչև որ նա կհասնի այդ իդեալին , որն, իհարկե, չի լինի, հետևաբար գործընթացը շարունակական անվերջ է»: Իսկ թե կուռքերն ինչպես են անդրադառնում մարդկանց հոգեբանության, վարքագծի և անհատականության վրա, հոգեբանն ասաց, որ այդ դեպքում շատ կարևոր է անձի «հեղինակային կերպարի» մոդելը, դրանից է մեծապես կախված անձի հետագա կյանքն, ու թե ինչ ուղով նա կգնա:
Մեր հարցին՝ արդյոք սիրելի երգչի, բրենդի, ֆուտբոլի, ֆուտբոլիստի հավատարիմ երկրպագու լինել նշանակում է, որ մարդը նրանց կուռք է դարձրել և ո՞րն է տարբերությունը երկրպագելու ու կուռք դարձնելու միջև, հոգեբանն ասաց.
«Ինչ- որ մեկին երկրպագելն ու կուռք դարձնելը մարդու մոտ նույն հույզն են առաջացնում. տարբերությունը հույզի ուժգնության և տևականության մեջ է: Որքան հոգեպես հասուն է անձը, այնքան փոքրանում է պահանջը կուռքերին երկրպագելու: Դա փոխարինվում է սովորելու, օրինակ վերցնելու գործընթացով»:
Հոգեբանն ասաց՝ հնարավոր է, որ մարդը մեկի փոխարեն երկու կամ ավելի կուռքեր ունենա. «Նախ մարդն ի սկզբանե երկու ծնող է ունենում, և հետո իդեալական թվացող երևույթներն ու հատկանիշները կարող է երկու տարբեր օբյեկտների մեջ գտնել»: Սակայն, ըստ նրա՝ կուռքերից մեկը գրեթե  միշտ գերակշռում է:
Հոգեբանն ասաց, որ կուռքերից մարդուն հեռու պահելն անհնար է, քանի որ դրանք, առաջին հերթին, մարդու գլխում են, սակայն ցանկացած երևույթ կարող է լինել նորմայի մեջ կամ ծայրահեղացված, որի դեպքում արդեն խոսքը շեղման մասին է: Նրա խոսքով՝ ծայրահեղական լինելու դեպքում խնդիրը լիովին նույնականանալու, միաձուլվելու, սեփական «ես»-ը կորցնելու և տարանջատվել չկարողանալու մեջ է.
«Եթե հեղինակային անձի մոդելը ապակառուցողական է, և նրա հոգեբանական նույնականացումը՝ անառողջ, մեծ, ապա հոգեբանի օժանդակության կարիք կա: Պարզապես հոգեբանը կարող է օգնել այն դեպքում, երբ անձը սկսի գոնե կասկածել, որ իր մոտ այդ ամենը գուցե արդեն խնդիր է դարձել»:
Հոգեբան Անուշ Կարապետյանը վերջում հավելեց. «Ճիշտ չափաբաժնի դեղահաբը բուժում է, բայց նույն դեղորայքի չափազանց մեծ չափաբաժինը կարող է մահաբեր լինել»:

Փաստորեն, մի դեպքում կուռքեր ունենալը կարող է հաջողությունների հասնելու խթան լինել, մյուս դեպքում՝ կործանման տանել:
Եթե Մայքլ Ջեքսոնի մահից հետո 12 երկրպագուներ ինքնասպան եղան, ապա Ջոն Լեննոնը, ում կուռքն էր Էլվիս Փրեսլին, մեծ փառքի ու հաջողությունների հասնելուց հետո ասաց. «Եթե չլիներ Էլվիսը, չէր լինի Բիթլզը»:

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել