ԴԻՄԱԿԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ԴԻՄԱԿԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

1114

Մայիսի 19-ին Երևան քաղաքի բնակիչ Մարինե Հովհաննիսյանին թույլ չեն տվել, որ բարձրանա 63 համարի երթուղային ազատ նստատեղեր չլինելու պատճառով. «Էլ տեղ չկար գազելի մեջ, չթողեցին, որ նստեմ, ես էլ աշխատանքի եմ արդեն ու դրա պատճառով միշտ մեկ-երկու ժամ ուշացած եմ տեղ հասնում: Սա ի՞նչ է, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Եթե աշխատանքից ազատվեմ, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար»։  

Այս խնդիրը մտահոգում է նաև 44 համարի ավտոբուսով մշտապես պարապմունքի գնացող  Ալեքսին, որին հանդիպեցինք կանգառում. «Բանգլադեշից միշտ 44-ով էի գնում  մարզասրահ՝ պարապելու: Ես սպորտսմեն եմ ու ժամանակին չեմ կարողանում տեղ հասնել, գրաֆիկս խախտվում է: Գումար ենք տալիս մարզումների համար, ու ուշ տեղ հասնելու պատճառով՝ մեկ ժամը կորցնում եմ»։ Հարցին, թե իրեն կոնկրետ ինչի համար թույլ չեն տվել բարձրանալ տվյալ ավտոբուս, տղան պատասխանեց. «Ես շատ ուշադիր եմ. դիմակ էլ եմ դնում, ձեռնոց էլ, բայց ասում են՝ կանգնած չի կարելի գնալ, հեռավորություն պետք է պահվի»։

Ալեքսի մայրը՝ Աննան, շարունակեց որդու միտքը՝ համոզված, որ ոչ մի արդյունք չի լինելու այնքան, մինչև բոլոր տարածքներում չուժեղացվի վերահսկողությունը. «Այս խնդիրը չի լուծվի, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն։ Միայն տրանսպորտի մեջ էդպիսի խիստ հսկողողություն սահմանելով չի։ Բանկերի հերթերը, բիսետկաներում հավաքները, մարզասրահներում, մանկապերտեզներում և ամեն տեղ մարդկանց կուտակումներ են. էդ ո՞նց եղավ, որ տրանսպորտում վարակը կփոխանցվի, իսկ մնացած տեղերում՝ չէ։ Ու՞ր մնաց տրամաբանությունը»։ Նրա կարծիքով՝ նման մոտ տարածության վրա դիմակներ կրելը ոչ մի օգուտ չունի, և դա ամենևին էլ խնդրի լուծում չէ։

Գնանք տրամաբանության հետքերով։

Սոցիալական հեռավորությունը չի պահպանվում ուրիշ վայրերում, բայց մարդիկ ստիպված են պահպանել այն տրանսպորտում: Սակայն այս դեպքում էլ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Հասկանալու՝ ինչ են մտածում այս մասին պատկան մարմինները, ձեռնարկվելու են արդյոք քայլեր՝ հօգուտ ուղևորների, կապվեցինք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակից Կարեն Հակոբյանի հետ: «Դա պարետ Տիգրան Ավինյանի հրամանն է։  Քանի նստատեղ կա, այդքան էլ ուղևոր պետք է լինի, այլ պարագաներում տրանսպորտային միջոցը չի կարող շահագործվել։ Աշխատանքից ուշացալու հետ կապված՝  եթե մարդիկ ուզում են՝ նստատեղերի քանակից շատ ուղևոր նստի, չգիտեմ. դա համավարակի բուն է. հա՛մ իրենց կվնասեն, հա՛մ էլ ուրիշներին։ Մոտենանք տրամաբանորեն. ո՞րն է ավելի նպատակահարմար։ Պայման կա, կարգ կա, մենք կատարում ենք պարետի հրամանները։ Տրանսպորտային միջոցների շահագործումը դեռևս շարունակվելու է այս կարգով»,- մեկնաբանեց Կ. Հակոբյանը։  

Հեռախոսազրույց ունեցանք նաև փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ։ Նա ասաց, որ պարետի բոլոր որոշումները ենթադրում են վարակի կանխարգելում, իսկ վերահսկողություն սահմանված է բոլոր ոլորտներում. «Այն կանոնները, որոնք սահմանված են, սահմանված են մեր բոլորի առողջության և անվտանգության համար։ Հասկանում եմ, որ կարող են որոշ անհարմարություններ լինել, բայց այդ անհարմարությունների հակառակ գինը կորոնավիրուսի տարածումն է: Պետք է հասկանանք, որ արտակարգ դրություն է, և մենք էլ գտնվում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի փուլում։ Ամեն ոլորտում էլ կան վերահսկողական մարմիններ՝ պարետի որոշմամբ, և նրանք են կարգավորում առաջացած խնդիրները»։ Վ. Հունանյանի խոսքով՝ այս հարցում մեծ դեր ունեն նաև մեր քաղաքացիների իրավագիտակցությունն ու պատասխանատվությունը. «Եթե մարդիկ տեսնում են նման դեպքեր՝ խախտումներ, թող հայտնեն ոստիկաններին կամ մեզ տեղեկացնեն. համապատասխանաբար քայլեր կձեռնարկվեն»։  

Հարցին՝ արդյունվետ կլինի արդյոք դիմակ կրելը հերթերի, ցույցերի ժամանակ, երբ  սոցիալական հեռավորությունը սարերի հետևում է, մամուլի խոսնակը պատասխանեց, որ դիմակի առկայությունը պարտադիր է ամենուրեք: Նույնիսկ եթե սոցիալական հեռավորությունը որոշ դեպքերում խախտվի, գոնե դիմակ կրելը հարց կարող է լուծել. «Հիմա, իհարկե, ամեն ինչ առավելագույնս հնարավոր չէ կատարել, բայց ինչքան որ հնարավոր է, պետք է կատարենք։ Վերջին շրջանում համակաճարակաբանների ասուլիսներում, տեղեկատվական տարբեր կենտրոնների հաղորդմամբ՝ միանշանակ դիմակը արդյունավետ, պաշտպանիչ միջոց է, և դրա առկայությունը պարտադիր է»։  

Փորձելով տեղեկություններ գտնել դիմակի արդյունավետության վերաբերյալ, azatutyun.am–ի հրապարակմանը հանդիպեցինք, որտեղ մեջ էր բերվում Սան Ֆրանցիսկոյի համալսարանի առաջատար գիտաշխատող Ջերեմի Հովարդի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ սովորական կտորն ի վիճակի է արգելափակել շնչառական ուղիներից ցայտող կաթիլների մեծ մասը, հետևաբար նույնիսկ վարակակրից դիմակի միջով փոխանցվող կաթիլները վարակի ավելի նվազ չափաբաժին են հասցնում դիմացինին, քան առանց դիմակի արտանետվելու դեպքում, իսկ կորոնավիրուսի   դեպքում, վարակակրի առողջական վիճակը մեծապես կախված է նաև ստացած վարակի չափաբաժնից։ Ամերիկացի գիտնականն ընդգծել է՝ դիմակը կարող է աննախադեպ արդյունավետ լինել հատկապես այն դեպքում, երբ կրում են բոլորն անխտիր:

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել