ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՉՎԱԽԵՆԱԼ ՎԱԽԵՐԻՑ

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՉՎԱԽԵՆԱԼ ՎԱԽԵՐԻՑ

1295

Զարուհի Պետրոսյանը, ում երեխան 4,5 տարեկանում ուներ վախեր, կիսվեց իր պատմությամբ. «Տղաս վախենում էր պետքարան գնալուց, սենյակում մենակ մնալուց և հաճախ պատահական մի կետի նայելիս հարցնում էր՝ այդ ո՞վ է գալիս: Այդ ամենը սրվում էր հեռախոսով մուլտֆիլմեր նայելուց հետո»: Դիմել էր հոգեբանի, որն ասել է՝ երեխայի վախերը տարիքային բնույթի էին: «Հոգեբանն ինձ բացատրեց, որ երեխայի՝ «ո՞վ է գալիս» հարցը պայմանավորված էր փոքրիկ աղջկաս ծնունդով։ Նա ինձ հորդորեց, որ արգելեմ տղայիս հեռախոսով մուլտֆիլմեր դիտել և շատ զրուցեմ փոքր քույրիկի մասին, ով նոր պետք է ծնվեր: Ասաց, որ կարևորեմ նրա դերը մեր կյանքում, շարունակեմ շփվել նրա հետ, լրջություն չտամ երեխայի նմանատիպ խոսքերին։ Հոգեբանն ինձ նաև ասաց, որ ինչքան շատ արհամարհեմ երեխայի այդ պահվածքը, նա այդքան շուտ կմոռանա իր վախերի գոյության մասին։ Ես վարվեցի հոգեբանի ասածով, ու հենց այդպես էլ եղավ » ,– պատմեց Զարուհի Պետրոսյանը։  

Չորս երեխաների մայր Ամալյան  մի հետաքրքիր մեթոդ էր  գտել՝ իր երկու աղջիկների վախը ոչնչացնելու համար. «Աղջիկներս վախենում էին սենյակից սենյակ գնալ․ ես էլ,  մի անգամ, նրանց ասացի՝ դեղատներում վախի դեմ դեղ են վաճառում, հենց գնամ՝ կբերեմ: Մի քանի օր կխմեք, ու ձեր վախերը կանցնեն։ Մի քանի օր անցավ, հետս մի շշով «դեղ» բերեցի: Ասացի, որ օրը երկու անգամ՝ առավոտ ու երեկոյան, մի ճաշի գդալ խմեն: Աղջիկներս պարտաճանաչ խմում էին այդ «դեղերը» և ամեն անգամ, խմելուց հետո, ասում՝ մա՛մ, անցնում ա: Մի քանի օր հետո, երբ շշի պարունակությունը վերջացավ, նրանց վախն էլ անհետացավ։ Իրականում շշի մեջ ջուր և աղ էի լցրել»։

Ըստ հոգեբան Անահիտ Միքայելյանի՝ երեխաների մոտ վախերը տարբեր տարիքներում կարող են տարբեր կերպ արտահայտվել: «3-5 տարեկանն ընկած ժամանակահատվածը «ես»-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքները արդեն նշվում են բառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո՝ իրեն ու հասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը և էմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը»,– կարդում ենք նրա հոդվածում։

Ըստ հոգեբանի՝ եթե վախը հաղթահարվում  է, ապա որպես կանոն՝ ընդհանրապես հետք չի թողնում։ «Իհարկե, կարող են լինել նաև բացառություններ, բայց եթե վախը չի անցնում կամ էլ ժամանակավորապես է անցնում, այդ դեպքում, միանշանակ, հետագա կյանքի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց նա մեզ հետ զրույցում. Չհաղթահարված վախերի հետևանքները շատ տարբեր կարող են լինել՝ նևրոզ, ծանր հոգեբանական և հոգեբուժական խնդրիներ՝ կախված վախի բնույթից:

Ըստ հոգեբանի՝ լավագույն օգնությունը, որ կարող են ցուցաբերել երեխային, հետևյալն է՝ երեխային պետք է աստիճանաբար  «մոտեցնել» իր վախի առարկայի հետ: Օրինակ, եթե մարդը վախենում է շներից, ապա անհրաժեշտ է աստիճանաբար նրան մոտեցնել շանը. սկզբում երախակալով և վզակապով, հետո առանց երախակալի, իսկ հետո արդեն նաև առանց վզակապի:

Անգին Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել