26-ամյա Լիլիթ Միրաքյանը տեսողական խնդիրներ է ունեցել դեռ 7-րդ դասարանից: Այն ժամանակ ակնոցներ է կրել, բայց միայն տանը: Դրսում շատ է կոմպլեքսավորվել և բացարձակ չի օգտագործել: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է, և հենց այդ տարի էլ երեխա ունեցել. «Դե, որ ամուսնացել էի, էլի ամաչում էի կրել: Երեխայի հետ շատ անհարմար էր ակնոց կրելը: Մտածեցի՝ լինզան ավելի հարմար է»,-ասաց Լիլիթը:
Բժիշկը խորհուրդ է տվել, որ ավելի լավ կլինի՝ ակնոց կրի, բայց հրաժարվել է՝ նախընտրելով լինզան: Հետո ասել է, որ, եթե անգամ լինզա կրի, պետք է անպայման ակնոց էլ ունենա. «Դե, ես էլ շատ համոզեցի, որ, չէ´, հաստատ չեմ դնի»,-ասաց նա:
Ակնաբուժ Ալինա Տերտերյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ լինզաներ կրելու հետ միաժամանակ կարևոր նախապայմաններից է ակնոց ունենալը: Քանի որ լինզան չի կարելի կրել, երբ մարդը գրիպ է, առկա է կարմրություն, աչքում ինչ-որ անհարմարություն է զգում և այլն: Բոլոր այս դեպքերում մարդը չի կարող լինզան կրել. «Բացի այդ, լինզան կարող է պատռվել, կորել, վնասվել, ու չի՛ կարելի այդ լինզան օգտագործել: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց գրեթե 100 տոկոսը պետք է ակնոց ունենա»,-ասաց մասնագետը:
Փորձնական շրջանում լինզան շատ լավ է հարմարվել Լիլիթի աչքերին: Բայց, երբ մեկ տարվա համար է գնել, ընդհանրապես չի ընդունել աչքերը: Մի անգամ զգացել է, որ սրտխառնոց և ուժեղ գլխացավ ունի, ցանկացել է՝ հանել լինզաները, ուշաթափվել և ընկել է:Բժիշկը նախապես ասել է, որ,հնարավոր է՝ գլխացավեր ունենա. «Գլխացավն ասաց, որ կլինի: Բայց ինձ մոտ այդ պահին նաև ճնշման անկում էր. դա չկապեց լինզաների հետ»,-պատմում է Լիլիթը:
Մի անգամ աչքերի շուրջն առաջացած քորից այնքան է տրորել աչքերը, որ լինզան ընկել է, և չի էլ զգացել: Հետո տանը գտել է, բայց արդեն չորացած: Մյուս աչքինն էլ հանել, դեն է նետել ու էլ չի գնացել բժշկի. «Ես ապագայում կվիրահատեմ աչքերս, ուղղակի հիմա չեմ կարող, քանի որ երեխաս դեռ փոքր է»,-ասաց Լիլիթը:
Ակնաբուժի խոսքով՝ տեսողության վերականգման մի քանի եղանակներ կան: Դրանք ակնոցներն են, լինզաները և լազերային վիրահատությունը: Օրինակ՝ կա մարդ, ում աչքն ակնոցով և լինզայով ի վիճակի է տեսնել 100 տոկոս, և հակառակը, կա մարդ, ում աչքը կարող է տեսնել 50 տոկոս: Եվ լազերային վիրահատությունն ընդամենը ապահովում է ակնոցով և լինզայով տեսնելը՝ առանց դրանց. «Այսինքն, եթե մարդը լինզան դնում է և տեսնում 100 տոկոս, ապա վիրահատությունից հետո էլ կտեսնի 100 տոկոս: Վիրահատությունն ուղղակի կոսմետիկ միջամտություն է, որից հետո մարդը կարիք չունի ակնոց կամ լինզա կրելու»,-ասաց Ալինա Տերտերյանը:
Խնդիրներից խուսափելու համար մարդը պետք է ընտրի ակնոցի կամ լինզայի այն համարները, որոնք բժիշկն է նշանակել: Պարբերաբար պետք է այցելի բժշկին, և խնամքը ճիշտ անել: Օրինակ՝ լինզնաները պետք է դնել մինչև դիմահարդարումը, և հանել մինչ շպարը մաքրելը: Պետք է անպայման ձեռքերը լվանալ լինզային դիպչելուց առաջ, և այն պետք է ըստ պիտանելիության ժամկետի օգտագործել (օրինակ կան լինզաներ, որոնք պետք է մեկ օր օգտագործել և դեն նետել): Չի՛ կարելի նաև լինզաներն աչքերին քնել. «Եթե լինզան մեզ պետք չէ(այսինքն աչքերը փակ են), ապա մենք պետք է հանենք այն, և թողնենք աչքը շնչի իր բնականոն հունով: Նման դեպքերում լինզան կարող է վնասվել, իսկ լինզան հետո աչքը կվնասի»,-ասաց ակնաբուժը:
«Լուք օպտիկ» օպտիկական խանութի մենեջեր Արսինե Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ տարբեր պատճառներով են գնում լինզաներ: Օրինակ՝ շատերն ակնոց չեն ցանկանում կրել, քանի որ կոմպլեքսավորվում են, չեն հարմարվում կամ չի սազում, և այդ պատճառով լինզաներ են կրում. «Դեպքեր են լինում, որ տեսողության տարբերություն է լինում (խնդիրը կարող է մեկ աչքի հետ կապված լինել): Այդ դեպքում լինզա են կրում. իհարկե, նաև էսթետիկ առումով ավելի գեղեցիկ լինելու նպատակով ևս»,-ասաց մենեջերը:
Ալինա Տերտերյանի խոսքով՝ մարդու տեսողությունը դա տեսողության պոտենցյալ է, այսինքն այս պահին մարդը կարող է 20 տոկոս տեսնել, ակնոցը դնի 30 տոկոս տեսնի, բայց այդ նույն ակնոցը 5 ամիս կրի, ու հետո ստուգվի և պարզվի, որ 60 տոկոս է տեսնում: Ինչպես մարմնի բոլոր մասերը կարող ենք մարզել, այդպես էլ աչքը՝ ակնոցով կամ լինզայով կարելի է մարզել. «Տեսողությունն ավելի լավացնում են ակնոցն ու լինզան: Մանավանդ փոքր տարիքում, ակնոցի ճիշտ կիրառման դեպքում, հնարավոր է, որ տեսողությունը լրիվ վերականգնվի»,-բացատրեց նա:
21-ամյա Մարի Պետրոսյանը դեռ 10-ը տարեկանից տեսողական խնդիրներ է ունեցել: Մեկ աչքը կարճատես էր, իսկ մյուսը՝ հեռատես: Դիմել է մասնագետի օգնությանը, և համապատասխան ստուգումներն անցնելուց հետո բժիշկն ասել է, որ կարող է լինզաներ օգտագործել, բայց նա նախընտրել է ակնոց կրելը. «Դե վախենում էի, մտածում էի, որ լինզաները կարող են աչքերս վնասել, քանի որ մի քանի տարի առաջ էլ մեր դասարանի երեխեքից մեկն էր դրել, ու աչքերն ահավոր քոր էր գալիս, երբեմն-երբեմն գլխացավեր էր ունենում․ ես էլ վախեցա, չկարողացա դնել»,-պատմեց նա:
Մասնագետի խոսքով՝ վաղուց արդեն ապացուցված է, որ լինզաներն աչքերը չեն վնասում: Ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր դեռ մտածում են, որ լինզան կարող է վնասել աչքերը: Այդ պատճառով էլ հաճախ իրենք նախընտրում են ակնոց կրել. «Ըստ ցուցումների տեսնում ենք՝ մարդուն ինչ է ավելի շատ պետք, և ինչպես համաձայնվում են, այդպես էլ անում ենք»,-ասաց Ալինա Տերտերյանը:
Բացի կարճատեսություն,հեռատեսությունից, տեսողության այ խնդիրներ էլ կան: Օրինակ՝ աստիգմատիզմը, որը աչքի տարբեր հատվածներում տարբեր բեկման ուժ ունենալն է: Այսինքն՝ նույն մարդու աչքը մի հատվածում կարող է -2 կարճատեսություն ունենալ, իսկ մյուս հատվածում՝ մեկ այլ աստիճանի: Կամ ընդհանրապես մի հատվածում կարող է կարճատես լինել, իսկ մյուսում՝ հեռատես. «Դրա համար, շատ հաճախ, այն մարդկանց, ում մոտ մոտ մեկ աչքի խնդիր կա, առաջարկում ենք կրել մեկ աչքի համար նախատեսված լինզա. նման դեպքերում այդքան էլ հարմար չէ ակնոց կրելը»,-ասաց մասնագետը:
Սակայն Մարին, այնուամենայնիվ, ցանկացել է միմիայն ակնոց կրել: Կրելու ընթացքում երբեմն անհարմարություն է զգացել, քանի որ ակնոցներով կողք նայելն այդքան էլ հարմար չէ:Սկզբնական շրջանում լավ տեսնել չկարողանալու պատճառով հաճախակի գլխացավեր է ունեցել, բայց դա ընդամենը մի քանի օր է տևել. «Ճիշտ է, սկզբում շատ էի նեղվում, մեկ-մեկ էլ այնքան անհարմար էր, որ ուզում էի հանել ու ընդհանարապես չօգտագործել: Բայց հիմա արդեն առանց ակնոցիս չեմ կարող»,-ասաց նա:
Կան մարդիկ, որոնց աչքի կառուցվածքն այնպիսին է, որ իրենք չեն կարողանում լինզա դնել: Դա մի փոքր երկար աշխատանք է պահանջում: Օրինակ՝ մարդը կարող է տասը րոպե տանջվել, բայց այդպես էլ չկարողանա լինզան դնել աչքի մեջ, քանի որ աչքի կառուցվածքն ավելի նեղ է. «Այդպիսի պացիենտներին ավելի հարմար է ակնոց կրելը»,-ասաց Ալինա Տերտերյանը:
«Լուք օպտիկա» օպտիկական խանութի մենեջերի խոսքով՝ նրանց դիմում են նախապես արդեն ստուգված, բժշկի կողմից համապատասխան լինզաների նշանակում ունեցող անձինք: Բայց ընտրության հարցում իրենք ևս օգնում են. «Քանի որ կան տարբեր տեսակի լինզաներ, մենք ևս օգնում ենք ընտրություն անելիս. դա արդեն կախված է հաճախորդի ցանկությունից»,-ասաց Արսինե Խաչիկյանը:
Ակնաբուժի խոսքով՝ նախ կարևոր է այն, որ ակնոցը կամ լինզան մասնագետը նշանակի, որպեսզի ճիշտ համար լինի: Մարդիկ, ըստ տեսողության սրության, պետք է կրեն ակնոց կամ լինզաներ. «Ե´վ կրելու տևողությունն է կարևոր, և´,իհարկե համարները, որոնք ավելի կարևոր են»,-ասաց Ալինա Տերտերյանը:
Մարին արդեն 5 տարի է, ինչ ակնոց է կրում, պարբերաբար այցելում է բժշկի, և տեսողությունը համեմատաբար ավելի լավ է հիմա: Գլխացավեր և այլ գանգատներ չունի, ասում է, որ ակնոցն իր կյանքի անբաժանելի մասն է դարձել. «Մեկ-մեկ,որ քնելուց հանում եմ,ինձ թվում է,թե կորցրել եմ: Անկողնուս մեջ սկսում եմ փնտրել, բայց հետո հիշում եմ, որ հանել, մի կողմ եմ դրել, ու հանգիստ քնում եմ»,-կատակում է նա:
Ակնաբուժի խոսքով՝ լինզա և ակնոց կրողների թիվը վերջին շրջանում էականորեն չի տարբերվում: Քանի որ այն մարդիկ, ովքեր նախընտրում էին լինզա կրել, հիմա էլ են կրում, իսկ նրանք, ովքեր ակնոցի կողմնակիցն են, միևնույն է, ակնոց են օգտագործում: Իսկ լինզաներ նշանակվում են այն մարդկանց, ովքեր ինքնուրույն կարողանում են աչքերի խնամքով զբաղվել:
Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս