ՀԵՌԱՎԱ՞Ր, ԹԵ՞ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՍԵՐ. ՊՆԴՈՒՄՆԵՐ և ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՀԵՌԱՎԱ՞Ր, ԹԵ՞ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՍԵՐ. ՊՆԴՈՒՄՆԵՐ և ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

734

Գրեթե բոլոր կրթական հաստատությունները, փնտրելով առցանց ուսուցման հարթակներ, արտակարգ դրության օրերին անցան դասերը հեռավար եղանակով կազմակերպելուն։  Ստեղծված պայմաններում սա, իհարկե, դասապրոցեսը կազմակերպելու միակ հնարավոր եղանակն էր։ Այնուամենայնիվ, եղան շատ դժգոհություններ ծնողների, ուսուցիչների, աշակերտների կողմից, որոնք հիմնականում կապված էին ԿԳՄՍ նախարարության հետևյալ որոշումների հետ.  

● Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները նշանակում են դասավանդող ուսուցիչները` հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները: Երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու դեպքում տարեկան գնահատական է համարվում առաջին կիսամյակի արդյունքը:

● 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Քննական գնահատականները նշանակվում են սովորողի՝ տվյալ առարկայի տարեկան գնահատականի հիման վրա:

Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ Սուսաննա Սիրադեղյանը journalist.am-ի հետ զրույցում անդրադարձավ այս ընթացքում եղած բացթողումներին՝ ասելով, որ հետագայում դրանք լրացնելը բարդ է լինելու. «Ստեղծված պայմաններում, իհարկե, մեր Կառավարությունն ուրիշ ելք չուներ, սա երևի ամենախելամիտ եղանակն էր, բայց այստեղ կան շատ բայցեր և բացթողումներ, որոնք լրացնելու համար, եթե չչափազանցնեմ, երկու ամիս առնվազն պետք է։ Երեխաների մեծ մասը կարելի է ասել մեկ ամբողջ կիսամյակ դասերին չեն մասնակցել, ոչինչ չեն արել, ոչինչ չեն սովորել, հասկանում եք՝ դա ինչ ահռելի բաց է։ Իհարկե, կան չսովորող երեխաներ, որոնք դասի միայն ֆիզիկապես են նստում, բայց գոնե լսելով մեկ-երկու բան մտապահում են։ Օրինակ՝ իմ դասղեկական դասարանում 25 հոգուց ընդամենը 10-ն էին միանում դասերին, մինչդեռ դպրոցում ամենաբարձր առաջադիմություն ունեցող դասարանն է»։ Հարցին՝ հնարավոր չէր աշակերտների պատրաստվածությունը ստուգել՝ տեսաձայնագրություններ պահանջելով, ուսուցչուհին պատասխանեց. «Ես չեմ պահանջել տեսաձայնագրություններ, որովհետև ի վիաճկի չէի այդքանը նայելու. տեսողական խնդիրներ ունեմ»։ Ս. Սիրադեղյանը նաև ասաց, որ չի մեղադրում աշակերտներին, որովհետև կային շատ ընտանիքներ, որոնք չունեին ինտերնետային կապ, հեռախոս կամ այլ սարքավորումներ, այնինչ այդ երեխաները պետք է լիարժեք օգտվեն կրթություն ստանալու իրենց իրավունքից։

Իսկ նույն դպրոցի մեկ այլ ուսուցչի՝  Նարինե Դոլինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նոր հնարավորություն է ժամանակակից աշխարհի պահանջներից մեկին հարմարվելու համար, ինչպես նաև ողջամիտ մոտեցում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ի՞նչ են մտածում աշակերտները:

Բամբակաշատի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ռիմելա Բաբերյանն այս տարի պետք է հանձներ 9-րդ դասարանի ավարտական քննություններ, բայց չհանձնեց. «Բախտն էս անգամ էլ մեզ ժպտաց, քննություն չհանձնեցինք։ Ճիշտ ա, ինձ համար տարբերություն չկա՝ ինչպես կլինի, բայց դասարանցիներիս մեծ մասը կարող էր անբավարար ստանալ»։

Սակայն Մերի Ավդալյանը՝ Ռիմելայի դասընկերուհին, դժգոհ է, որ հիմք են ընդունելու աշակերտի տարեկան գնահատականը. «Եթե դասերն օնլայն անում էինք, քննություններն էլ կարող էինք. բուհերում ինչպե՞ս են կազմակերպում։ Եթե իմանայինք սենց ա լինելու, մենք էլ չէինք ծախսի ժամանակ, այդքան չէինք գրի, կարդա, չէինք մասնակցի օնլայն դասերին, ուրիշ՝ ավելի գնահատվող աշխատանք կկատարեինք, և ամեն ինչ հրաշալի կլիներ։ Չսովորողների համար շատ հարմար տարբերակ են մտածել»։

Այգեշատի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում սովորող Աննա Մանուկյանի մայրը՝ Հերմինեն, մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք սարքավորումներ, ինտերնետ  չեն ունեցել, չեն էլ ստացել հետագայում, և իր երեխան չի կարողացել պատշաճ մասնակցել դասապրոցեսին. «Գնում էինք քրոջս տուն, իրենց հեռախոսներով կամ համակարգչով էինք մասնակցում դասերին, հարևանիս տուն էինք գնում։ Բայց ամոթ էր վերջիվերջո, ինչքա՞ն պիտի գնայինք ուրիշների տները։ Շատ ժամանակ չի կարողացել մասնակցել դասերին, հետ ա մնացել դասընկերներից։ Աջակցություն ցուցաբերվեց շատ ընտանիքների՝ մեզանից ավելի վատ վիճակում գտնվողներին։ Հասկանում ենք, որ կարանտին ա, ուրիշ հնարավոր տարբերակ չկա, բայց հույս ունենք, որ գոնե հետո նորմալ լրացվեն դասերը»։

Կապվեցինք ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության հետ՝ հասկանալու՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում բացերը լրացնելու համար, ինչպես նաև պարզելու այս օրերին ծագած դժգոհությունների, խնդիրների և դրանց լուծումների մանրամասները։ Լրատվության վարչության աշխատակիցը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Եթե նույնիսկ մեկ երեխա չի կարողացել հեռավար ուսուցմանը մասնակցել, իհարկե, դա խնդիր է։ Այդ բացը լրացնելու հարցը կարգավորված է համապատասխան իրավական ակտով։ Բաց թողնված դասերը լրացվելու են իհարկե, և այդ բոլոր տեղեկություններն ու կարգը տեղադրված են մեր պաշտոնական կայքում (escs.am): Մենք այս տարի ընդառաջել ենք. և՛ գնահատումը, և՛ տարեկան փոխադրումը իրականացնելու համար հաշվի են առնվելու մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականները»։

Հարցին, թե դժգոհություններ չեն եղել գնահատման այս ձևաչափի վերաբերյալ, աշխտակիցը պատասխանեց. «Կան բազմաթիվ օբյեկտիվ դժգոհություններ շատ ծնողների կողմից։ Նրանք ասում են՝ նորմալ արել ենք դասերը, ինչու՞ չեք հաշվում մեր երեխաների գնահատականները: Իսկապես ջանք ու եռանդ են ներդրել, տեխնիկական միջոցներ են հատկացրել,  ժամանակ են տրամադրել, նստել են օրերով, ժամերով աշխատել  են, և հիմա փաստացի նրանց աշխատանքը հաշվի չի առնվում։ Գնահատականն այնուամենայնիվ խրախուսական նշանակություն ունի, որը մենք ժխտել չենք կարող. այն դեռ գիտելիքի չափման միավոր է։ Սովորաբար նման դեպքերում, երբ արտակարգ դրություն է,  պետք է առաջնորդվել մեծամասնությամբ։ Մենք առաջնորդվել ենք լավագույն տարբերակով և յուրաքանչյուր երեխայի շահերից ելնելով»։

Անդրադառնալով տեխնիկական աջակցություն չստացացած ընտանիքներին՝ մամուլի ծառայության աշխատակիցը պարզաբանեց. «Նախարարությունը հայտարարել է, որ առնվազն 24. 000 սարքի պակաս կա։ Ճիշտ է՝ եղել են տարբեր մասնավոր կազմակերպությունների կողմից նվիրատվություններ, բայց այնուամենայնիվ այդ 24.000-ը չի լրացվել, բնականաբար մնացել է ինչ-որ բաց, և որոշ ընտանիքներ չեն ստացել տեխնիկական աջակցություն, հետևաբար չեն մասնակցել դասերին»։

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել