ԲԺԻՇԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՍԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲԺԻՇԿՆԵՐՆ ՈՒ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՍԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1511

2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան  քաղաքում վիրուս հայտնաբերվեց,  որն անվանեցին Նոր կորոնավիրուս։ Այնուհետև պարզվեց, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ 2020 թվականի մարտի 11-ին ամբողջ աշխարհում հայտարարվեց  համավարակ։ COVID-19-ը հասել է ավելի քան 200 երկիր, որի մեջ է նաև Հայաստանը։

Մարտի 16-ից COVID-19-ը պանդեմիայով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն։ Վարակի տարածման առաջին խոշոր դեպքը տեղի էր ունեցել էջմիացնում։

Էջմիածնի  բժշկական կենտրոնի բժիշկ Կարինե Էվաջյանը հիշում է․ «Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, խուճապի չմատնվեցի։ Այդ օրերին տան մասին մոռացել էի, աշխատում էի  ամեն օր»։

Բժշկուհի Էվաջյանը հավելեց, որ արտակարգ դրության սկզբում պաշտպանիչ համապատասխան հագուստով, շտապ օգնության մեքենայով տնայցեր է իրականացրել։ «Այդ օրերին ունեցել եմ  լարված գրաֆիկ, բայց հոգեպես չեմ ընկճվել,  ընդհակառակը՝ ավելի եմ ուժեղացել, քանի որ բնավորությամբ ուժեղ մարդ եմ։ Իհարկե բժիշկներ ունեինք,  ովքեր մեկուսացվել էին, հետևաբար օր է եղել՝  սպասարկել եմ երեսուն հիվանդի»։

Բժշկուհու համար կորոնավիրուսի հետ կապված բոլոր դեպքերն էլ առանձնակի կարևոր են, քանի որ  ջերմաչափումները իրենք են  իրականացնում, և 14 օր հետևում մեկուսացած անձանց։ «Ներկայիս դրությամբ՝ թեստավորումը արվում է Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Եթե նկատել եմ, որ անձի մոտ հաստատված թոքաբորբ  կա կամ  շփում վարակակրի հետ, այդ դեպքում տասնչորս օր չեմ սպասել՝  միանգամից թեստավորել եմ»։

Բժշկուհի Էվաջյանը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել տեղամասային թերապևտի, չընկճվել, ջերմաչափումներ կատարել, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, մեկուսանալ  և որ ամենակարևորն է, չվտանգել ուրիշի կյանքը։

Կորոնավիրուսով վարակված Անի Սարգսյանը պատմում է, թե ինչպես է վարակվել․ «Տատիկս հիվանդ էր, նրան տեղափոխեցինք հիվանդանոց։ Երկու օր հետո թեստ հանձնեց, որի  պատասխանը  դրական էր։ Թեստի պատասխանները իմանալուն պես մեզ ասացին, որ տանը տասնչորս օր  պետք է մեկուսանանք։ Չանցած մեկ օր ասացին, որ պետք է տեղափոխվենք  հյուրանոց։ Մեկուսացման ութերորդ օրը մենք թեստ հանձնեցինք, որի պատասխանը դրական եկավ»։

Անին  հավելում է, որ նրանք չէին սպասում այդ արդյունքին, քանի որ իրենք իրենց շատ լավ են զգացել։ Անգամ մի պահ  մտածել են ՝ թեստի պատասխանները սխալ են։

«Անմիջապես մեզ տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն՝ կրկին տասնչորս օրով, որպեսզի հիվանդությունը «չքվի մեզնից»։

Նա նաև նշում է որ բժիշկները շատ լավն են, բարեհամբույր, սակայն հիվանդանոցը շատ վատ վիճակում է գտնվում,  սենյակները կեղտոտ են, պայմանները լավը չեն։

«Քանի տարի էլ անցնի, այս օրերը  չեմ կարող մոռանալ, բայց հատկապես չեմ մոռանա,   կողքի սենյակում  գտնվող նորածնին, ով նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, այդ երեխայի լացի ձայնը ամեն վայրկյան իմ մտքում է, չեմ կարողանում մոռանալ»։

Հեղինե Ղուկասյանը, ով  աշխատում է Շենգավիթ բժշկական կենտրոնում որպես ակնաբուժական բաժանմունքի բուժքույր, նշում է, որ սկզբնական շրջանում, երբ նոր  էին հայտարարել արտակարգ դրություն, խուճապը բավականին շատ էր։

«Վախենում եմ այս դրությունից, քանի որ կարող եմ վարակվել և վարակել հարազատներիս, ես վախենում եմ նրանց համար, այլ ոչ թե իմ։ Այս լարված օրերին կրում եմ պաշտպանիչ հագուստ, քանի որ ակնաբուժական բաժինը համարվում է վարակի փոխանցման ամենառիսկային գոտիներից մեկը»։

Բժշկուհի Հեղինեն խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, ամեն ինչ ելք ունի,  առավել ևս, որ  սա  պարզապես գրիպի տեսակ է, շատ ավելի սարսափելի հիվանդություններ կան,  որից մահանում են միլիոնավոր մարդիկ։

Ալինա Բարսեղյանը ով Մոսկվայից Հայաստան էր վերադարձել և միանգամից մեկուսացվել  «Փարիզ» հյուրանոցում, պատմում է իր «կարատինյան» օրերի մասին․

«Սկզբում բոլոր ուղևորներին ուղարկեցին տարբեր հյուրանոցներ, ինձ՝ «Փարիզ» հյուրանոց։ Յուրաքանչյուրն իր դերն ու գործն ուներ, սենյակում երկու հոգով էինք, մի քանի օր հետո մեզ թեստավորեցին և ինձ տարան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Երբ տեսա բժիշկներին, ապշել էի, քանի որ հագուստի վրայից հավելյալ պաշտպանիչ հագուստ կար, երեք դիմակ էին դրել, ակնոց՝ նորից վրայից կլինկորից տոպրակ, ամբողջությամբ ջուր էին, դեմքերը կապտել էին կոշտ դիմակներից և ակնոցից։ Ակնոցի ապակին այն աստիճան էր քրտնել, որ չէին կարողանում երակ մտնել, սարսափելի էր»։

Ալինան հավելում է, որ բժիշկները անմնացորդ նվիրվել էին իրենց աշխատանքին։ Անգամ հագուստներ և այլ անհրաժեշտ պարագաներ էին տալիս հիվանդներին։ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում անբացատրելի սթրես ապրեցի,  քանի որ ամենածանր հիվանդներն այնտեղ էին։ Ինձ սխալմամբ տարել էին ծանր հիվանդների մոտ, ովքեր միացված էին շնչառական ապարատներին։ Երկու կողմից այդ ծանր շունչն էի զգում։ Կես ժամ հետո այդ հիվանդներից մեկը մահացավ։ Պալատներում վեց հոգի էին՝ իրար վրա լցված։ Ես լավ էի, բայց ինձ հետ նույն սենյակում գտնվողների ծանր վիճակը տեսնելով՝ կարծում էի, որ մի քանի րոպե հետո ես էլ այդ վիճակում կհայտնվեմ։ Այդ օրերին ինձ չորս անգամ թեստավորել են, երեքը՝ բացասական, մեկը՝ դրական»։

Հոգեբան Լիանա Մարգարյանի կարծիքով՝ շատ խնդիրների պատճառը մարդկանց ընկալումներն են․ «Իրականում ամբողջ խնդիրը մարդու ներսից է գալիս և խորքային է։ Բնականաբար, ոչ մի անձնավորություն ապահովագրված չէ վիրուսից, սակայն պետք է մարդկանց միջից դուրս հանել այս տագնապը, որը ներսից հանգիստ չի տալիս։ Վախը ինչի՞ն է ուղղված, այն ուղղված է մահվա՞ն, ո՛չ, պարզապես պետք է վստահել սեփական օրգանիզմին, պետք է վստահ լինել, որ օրգանիզմդ կհաղթահարի բոլոր խոչնդոտները համապատասխան վիտամինները, ցիտրուսները, մրգերը, բանջարեղենները ընդունելու դեպքում»։

Ըստ հոգեբանի՝ մարդիկ ոչ թե վախենում են իրենց, այլ իրենց հարազատների համար։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել