Ի՞ՆՉ Է ՓՈԴՔԱՍՏԸ, ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՆԵՆԱԼ ՔՈ ՍԵՓԱԿԱՆԸ

Ի՞ՆՉ Է ՓՈԴՔԱՍՏԸ, ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՆԵՆԱԼ ՔՈ ՍԵՓԱԿԱՆԸ

2117

Հայաստանում սկսել են ստեղծել տարբեր թեմաների և ուղղվածության փոդքաստներ (աուդիոպատմություններ)։ Թեև առաջին փոդքաստը 2004 թվականին ստեղծել է The Guardian-ի սյունակագիրներից մեկը, մեզ մոտ այն միայն վերջին շրջանում է տարածում գտել։ Մարդկանց այն գրավում է իր եզակի ձևաչափով։ Փոդքաստներ կան ցանկացած թեմայով՝ պատմության, քաղաքականության, արվեստի, նորությունների և այլ թեմաների մասին։ Փոդքաստը թույլ է տալիս խորասուզվել թեմայի մեջ։ Գուցե շատերը ժամանակ չունեն նստելու և կարդալու 20 կմ երկարություն ունեցող հոդվածը, սակայն կարող են այն լսել աշխատանքի գնալու ճանապարհին կամ տնային գործեր անելիս։ Ստեղծագործող ու ասելիք ունեցող մարդկանց համար փոդքաստը արտահայտվելու հետաքրքիր և հասանելի տարբերակ է։ Պարտադիր չէ՝ լրագրող լինել աուդիոպատմություններ պատրաստելու համար, սակայն որոշ լրագրողական նրբությունների տիրապետելն այն կարող է ավելի ստացված ու ունկնդրի համար հետաքրքիր դարձնել։

Ֆեմինիզմ, անձի ապրումներ, զգացմունքներ, հասարակության մեջ տարածված կարծրատիպեր, երաժշտություն, բիզնես, ծնողավարություն, գրականություն ու շատ ու շատ այլ թեմաներ՝ հայկական փոդքաստների թեմաները բազմազան են։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ Անի Ղազարյանն ու Լիլիթ Հովսեփյանն իրենց առաջին համատեղ փոդքաստը երաժշտության մասին պատրաստել են դասախոսի հանձնարարությամբ՝ փորձելով նյութերը ներկայացնել հետաքրքիր մոտեցմամբ։ Ինչպես նշում է Անին՝ «Փոդքաստը ավելի ազատ ոճ է, ու կարող ես սրտիդ ուզածի չափ երաժշտական մշակումներ, էֆեկտներ օգտագործել, ավելի ազատ խոսել»։ Լիլիթն էլ ավելացնում է․ «Բնական է, որ փոդքաստները գնալով ավելի շատ են տարածվում, որովհետև ավելի անմիջական են, իսկ ստեղծագործողի համար այն պատրաստելու ընթացքը ավելի հավես է»։ Աղջիկները որոշել են չսահմանափակվել մեկ անգամով ու շարունակական դարձնել այն։

Փոդքաստն, ի տարբերություն տեսանյութերի, հնարավորություն է տալիս զրուցակցին ավելի քիչ լարվել, ավելի ազատ լինել ու հեշտությամբ պատմել իրենց պատմությունը, եթե նույնիսկ այն տրավմատիկ է։ Այն ավելի հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ սյուժե (ինչ-որ բան պետք է պատահի), հետաքրքիր կերպարներ, լավ հետազոտություն ու խմբագրում։

Յուրաքանչյուր բաղադրիչ, որը դուք նախընտրում եք ներառել ձեր փոդքաստի մեջ ավելացնում է ինչ-որ բան կամ խլում: Դրա համար պետք է շատ ուշադիր ու մտածված օգտագործել դրանք։ Փոդքաստում կարելի է ներառել հետևյալ բաղադրիչները՝

* Երաժշտություն

* Հաղորդավարի ձայն

* Հերոսների ձայներ

* Ձայնային էֆեկտներ

* Լռություն

Փոդքաստ սկսելիս կարևոր է ինքներդ ձեզ տալ հետևյալ հարցերը․

* Ինչո՞վ եզակի է ձեր շոուն:

* Քանի՞ էպիզոդ կունենա այն:

* Ե՞րբ են էպիզոդները հրապարակվելու։

* Ինչպե՞ս կգտնեք և կներկայացնեք նոր պատմություններ:

Հիշե՛ք, եթե ձեր փոդքաստը հերոս ունի, ապա ընտրեք մեկին, ով ունի հիանալի պատմություն կամ կարողանում է սահուն և արտահայտիչ խոսել: Եթե հերոսը համապատասխանում է նշված 2 տարբերակին էլ, դա արդեն հաղթանակ է։ Իմանալը, թե ով համապատասխան չէ հարցազրույցի համար նույնպես կարևոր հմտություն է:

Փոդքաստը հաջողելու ամենակարևոր գործոններից է նաև ակտիվ լսողությունը, պետք է շատ ուշադիր լսել զրուցակցին ու ճշտող, մանրամասնող հարցեր տալ։ Իսկ եթե փոդքաստում միայն դուք եք լինելու, ապա փորձեք աշխատել ձեր պատմելու հմտության վրա։ Փոդքաստ կարելի է ձայնագրել ձեռք տակ ունենալով միայն ձայնագրիչ կամ հեռախոս, վառ երևակայություն ու հետաքրքիր ասելիք։ Իսկ ստացված արդյունքը կարող եք հրապարակել ձեր նախընտրած տարբեր հարթակում Soundloud-ից մինչև Facebook:

Արփի Շահինյան

3-րդ կուրս

Կիսվել