«ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ». ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ». ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

3069

«Հաջողության նախագիծը» ԵՊՀականների համար շարունակում է «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթացների շարքը:

Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ արդեն երրորդ դասընթաց-հանդիպումը, որը վարում էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Հանդիպման հենց սկզբից Ավետ Բարսեղյանը սկսեց խոսել հաջողության բանաձևի մասին, որը, ըստ նրա, շատ սուբյեկտիվ, ինդիվիդուալ երևույթ է և ավելի շատ կապված է պատասխանատվության հետ: Ըստ նրա, չկան հստակ քայլեր, որոնք անպայման կտանեն դեպի հաջողության: «Չկան օրենքներ, սուտ է յուրաքանչյուր տեսակի բանաձև: Գտեք ձեր եսը, ունեցեք ձեր սեփական ձեռագիրը»:

Հանդիպման ընթացքում Ավետը խոսեց հաջողության հասնելու տարբեր դեպքերի ու սեփական օրինակների մասին, սակայն ամեն դեպքում ասաց, որ չի սիրում խորհուրդներ տալ, բացատրելով այսպես. «Համարում եմ, որ ովքեր որ այստեղ ներկա են, շատ ավելի խելացի են և իրենք կարող են էլ ավելի լավ խորհուրդ ու պատգամ տալ»:

«Խոսքը որպես հաջողության գրավական» արտահայտությունը Ավետ Բարսեղյանը համարում է ամենակարևորը. «Անատոմիական տեսանկյունից մարդը 80 տոկոսով կազմված է ջրից: Իսկ խոսքը արդեն ապացուցված է, որ ազդում է ջրի կառուցվածքի վրա: Եթե խոսքը կարողանում է փոխել ատոմը, ապա խոսքը բնականաբար կարող է փոխել նաև մարդու կառուցվածքը, և ազդել նրա վրա: Անկախ մասնագիտությունից՝ խոսքը դեռևս հաղորդակցության միակ տարբերակն է ու միջոցը: Դա ազդում է մարդու ինքնագիտակցության վրա»:

Շարունակելով խոսքի հաջողության բանաձևը, Ավետն ասում է հետևյալը. «Դուրս եկեք ակադեմիական կաղապարներից: Պետք է սովորել այբուբենը, բայց հետո նաև ստեղծել սեփական նախադասությունը, խոսքերը: Եթե մարդն անդադար մնա այդ կաղապարի մեջ, նա երբեք չի հասնի իր ինդիվիդուալ կարողությունների իրականացմանը»:

Ըստ Ավետ Բարսեղյանի՝ հաջողությունը երբեք չպետք է լինի ինքնանպատակ: Պետք է կարևորես քո ես-ը: Եվ դա ամենևին էլ կապված չէ հայտնի լինել կամ չլինելու հետ. «Շատերն են ձգտում հայտնվել հեռուստատեսությունում, սակայն ավելի լավ է լինել լավ սցենարիստ, լավ խմբագիր ու լավ մասնագետ, քան հենց այնպես երևալ հեռուստատեսային «արկղով»»:

«Եթե մի բանը ձեր մտքով, սրտով ու հոգով ճիշտ եք համարում, ապա ձեր ճիշտը դա է, ու դուք կգտնեք ձեր հաջողությունը», – ասում է Ավետը և տալիս հաջողակ մարդու որակային մի քանի հատկանիշ. «Հաջողակ մարդը միշտ պետք է լինի ներդաշնակ: Նա չի կարող լինել նախանձ, չարամիտ: Միտքը մեր գիտակցական գործողությունն է, սիրտը խիղճն է, իսկ հոգին այն է ինչ միացնում է մարդուն տիեզերքի հետ: Կարևոր է, որ այդ երեք կարևորագույն սուբստանցիաներում դուք ձեզ հանգիստ զգաք»:

Ավետ Բարսեղյանի խոսքից հետո երիտասարդները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը. հանդիպումը վերածվեց ընկերական զրույցի:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Շահանե Բաղդասարյանի կարծիքով հանդիպումը անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում: «Ավետի կողմից հնչեցին բազմաթիվ լուսավոր ու մոտիվացնող մտքեր ու տեսակետեր: Հաճելի ու օգտակար հանդիպում էր»:

Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ստեփանյանի կարծիքով նման հանդիպումները շատ օգտակար ու արդյունավետ են: «Ճանաչված մարդկանց լսելով՝ ցանկություն է առաջանում ինչ-որ բան փոխել կյանքում դեպի դրականը: Ինձ հատկապես գրավում է նման հանդիպումների ոչ ֆորմալ և անմիջական լինելը»:

«Հաջողության նախագիծը» շարունակական է:

 

 

Լիանա Գրիգորյան

2-րդ կուրս

 

Կիսվել