«Եթե ցանկանում ես աշխատել կենդանիների հետ, հասկացի՛ր նրանց»,- պատմեց 30 տարի շարունակ կենդանիների հետ ու նրանցով ապրող մասնագետ Արմոն:
Հայաստանում այսօր կարելի է հանդիպել այնպիսի էկզոտիկ կենդանիների, ինչպիսիք են տարատեսակ սողունները, հսկա սարդերը, պիրանիա ձկները, ականջավոր ոզնիները, կոկորդիլոսները և այլ եզակի կենդանիներ:
Նեղոսյան կոկորդիլոսները տարածված են ողջ Աֆրիկայում: Նրանց երկարությունը հասնում է 5-6 մետրի, երբեմն՝ 7, քաշը՝ 300-600 կգ, երբեմն՝ 1 տոննա: Սնվում են ձկներով, սողուններով, կաթնասուններով և թռչուններով: Ձվադրում են 40-50 ձու: Կյանքի տևողությունը 60-70 տարի, երբեմն՝ 90:
(Նեղոսյան կոկորդիլոս)
Կանաչ իգուանաները տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում: Երկարությունը՝ հաշված քթից մինչև պոչի ծայրը, չի գերազանցում 1,5 մետրը: Սնվում են բացարձակապես բույսերով: Ձվադրում են 20-71 ձու: Ինկուբացիան տևում է 90-120 օր: Կյանքի տևողությունը անազատության մեջ 25 տարի է:
(Կանաչ Իգուանա)
Սմիթիի թռչնակերները տարածված են Մեքսիկայում և ԱՄՆ-ի հարավում: Մարմինը 7-8 սմ է, թաթերի բացվածքը՝ 17 սմ: Սնվում է փոքր կրծողներով և խոշոր միջատներով: Էգը կարող է ունենալ մի քանի հարյուր ձու: Կյանքի տևողությունը էգերի մոտ 25-30 տարի է:
(Սմիթիի թռչնակեր)
Այս և բազում այլ կենդանիներ գտնվում են Երևան մոլում առկա էկզոտարիումում: Տարբեր աշխարհամասերից բերված եզակի կենդանիների համար Երևանի այդ փոքրիկ անկյունում ստեղծված են բարենպաստ պայմաններ: Այդ արտասովոր կենդանիները աչքի են ընկնում ոչ միայն իրենց հազվադեպ գեղեցկությամբ, այլև ամենատարբեր բնավորություններով ու վարքագծով:
-Յուրաքանչյուր կենդանի պահանջում է անհատական մոտեցում: Կենդանիները շատ զգայուն են, խոցելի: Նրանք զգում են մարդու կողմից արձակած յուրաքանչյուր էներգիա, ազդվում են ու սթրես ապրում ամեն մի անփույթ շարժումից, հայացքից,- պատմեց մեր զրուցակիցը:
Էկզոտիկ կենդանիներին բնորոշ վարքագիծն ու կենսակերպը էականորեն տարբերվում են, նրանք դժվարությամբ են հարմարվում նոր միջավայրին, ադապտացիան տեղի է ունենում աստիճանաբար և շատ ջանքեր է պահանջում: Օրինակ Կայսերական սև կարիճը չհարմարվողն է բոլոր կենդանիներից, նա դուրս չի գալիս իր բնից, քանի որ մթություն է նախընտրում: Դրան հակառակ ամենաաշխույժը ականջավոր ոզնին է, որը անընդմեջ վազվզում է և բավականաչափ հարմարված է նոր միջավայրին: Յուրաքանչյուր կենդանի ցուցաբերում է իրեն բնորոշ վարքային առանձնահատկություն: Շատ դժվար է աշխատել կենդանիների հետ, հասկանալ նրանցից յուրաքանչյուրին:
– Ինչպիսի՞ հմտություններ են հարկավոր ճանաչելու և խնամելու համար կենդանիներին:
– Գրքերում կարելի է կարդալ, թե ինչպես են սնվում տարբեր կենդանիներ, ինչպիսի հաճախականությամբ և ինչ միջավայրում են իրենց լավ զգում: Սակայն դրանք շատ քիչ են ճանաչելու համար նրանց: Հարկավոր է շփում նրանց հետ, համակողմանի ուսումնասիրություն, վարքային դրսևորումների բացահայտումներ:
– Ի՞նչպիսի օրինակ կառանձնացնեք, որտեղ բացահայտվում է, թե ինչից կարող են սթրես ապրել կենդանիները:
– Օրինակ կապիկները սթրեսի մեջ են ընկնում, երբ մարդիկ նայում են ուղիղ նրանց աչքերի մեջ, դառնում են ագրեսիվ, հաճախ հարձակվում են: Իսկ թութակները սթրեսի են ենթարկվում, երբ հանկարծակի իրենց կողմ ուղղված ձեռքերի շարժումներ են տեսնում: Երբ թութակների վանդակները շատ ցածր են տեղադրված, նրանք լարվում են տեսնելու համար մարդուն: Վանդակները պետք է տեղակայված լինեն մարդուն հավասար բարձրության վրա ու չի կարելի միանգամից փոխել դրանց դիրքը: Այս ամենը բացասաբար է ազդում թութակների վրա, նրանք դառնում են չշփվող, ագրեսիվ, և հետո շատ ժամանակ ու ջանքեր են հարկավոր վերականգնելու համար նախկին վարքագիծը:
– Որքա՞ն ժամանակ եք աշխատում կենդանիների հետ. Ի՞նչ եք կարծում, լիովին ճանաչու՞մ եք նրանց:
– Արդեն 30 տարի ես կենդանիների մեջ եմ, շարունակ ուսումնասիրում եմ նրանց, բայց միշտ մի նոր բան եմ բացահայտում՝ հասկանալով որ լիարժեք երբեք չեմ ճանաչի ոչ մի կենդանու:
Կենդանիների զարմանահրաշ աշխարհը բացահայտելու համար պետք է հաղորդակից լինել այդ աշխարհին, ապրել դրանով:
Շահանե Բաղդասարյան
4-րդ կուրս