Հաքերային հարձակումները համեմատաբար հանդարտվել են, հիմա ակտիվացումն ավելի քարոզչական ոլորտում է. Սամվել...

Հաքերային հարձակումները համեմատաբար հանդարտվել են, հիմա ակտիվացումն ավելի քարոզչական ոլորտում է. Սամվել Մարտիրոսյան

712

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանցիներն ինստագրամը գողանալու համար ուղարկում են հղում, ինչին պետք չէ հավատալ և բացել:
Journalist.am-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ բացի ինստագրամյան հաշիվներ գողանալուց, նրանք շատ լայնածավալ աշխատում են հիմնականում մեյլերի դեմ՝ ուղարկելով նմանատիպ կեղծիքներ, իբր արգելափակվելու է:
«Հիմնական թիրախը էլեկտրոնային փոստն է, որովհետև եթե մեյլն ունենում են, մնացած հաշիվներն արդեն կարող են տանել: Հիմա ակտիվորեն գնում են նաև ֆեյսբուք և ինստագրամ: Մինչև այս էլ եղել են նման դեպքեր, ուղղակի հիմա ավելի ակտիվացել են»,-նշեց Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետն ասում է, որ վերջին լարված օրերի համեմատ հաքերային հարձակումները համեմատաբար հանդարտվել են: Օրինակ՝ կայքերի դեմ գրոհները կանգնել են, խորացված փորձերը քիչ են.
«Բայց հիմա ակտիվացումն ավելի քարոզչական ոլորտում է, այսինքն` կեղծ տեսանյութեր ստեղծել, լցնել տելեգրամ, ինստագրամ և այլն: Սա շատ ակտիվացել է հենց Մոսկվայում և այլ համայնքներում ընդհարումների ֆոնի վրա »,- ասաց փորձագետը: Նրա խոսքով՝ վիրտուալ պայքարում բավականին բարդ է հաշվարկելը հաղթել ես, թե՝ ոչ: Այն անընդհատ պրոցես է, ինչ-որ պահի կարող է թույլ լինես հետո ուժեղանաս:
«Կարող եմ ասել, որ առնվազն էս պահին մեր դիրքերն ավելի ամուր են: Եթե Ռուսաստանի օրինակը վերցնենք, ադրբեջանական համայնքի կողմից կատարված մի շարք սխալները բերել են նրան, որ փաստացի՝ ռուսական մամուլը հենց հայկական կողմին է ավելի պաշտպանում՝ բնականաբար, իրենց շահերից ելնելով, քանի որ ադրբեջանցիները ցանկանում են կոնֆլիկտը մտցնել ռուսական դաշտ, ինչը Ռուսաստանին դուր չի գալիս»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Մեդիափորձագետն ասում է, որ յուրաքանչյուր հարձակում պարունակում է իր բացահայտումը: Եթե մարդն ուշադիր նայի, կտեսնի, որ հղումը, որ իրեն ուղարկել են, ինստագրամից չէ, այլ կայքի վրա է, ուղղակի մեջն ինստագրամ բառը կա.
«Ամենակարևոր խորհուրդը՝ միշտ օգտագործեք գլուխը, ընդ որում՝ կապ չունի ադրբեջանցիներն են թե օրինակ՝ չինացիներն են հարձակվում: Որևէ գործողություն անելուց առաջ պետք է ուշադիր լինել, մտածել, չշտապել»,- եզրափակեց մեդիափորձագետը:

https://www.facebook.com/photo.php?fbid=10158513261603781&set=p.10158513261603781&type=3

Հեղինակ ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել