Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։ Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը նախ պաշտոնապես հերքել է վերջին օրերին տարբեր ԶԼՆ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ապա Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։