Մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ թե ՛ սովորական թթվածնային...

Մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ թե ՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ, թե ՛ վերակենդանացման․Արսեն Թորոսյան

512

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ մենք բոլորս բացարձակ թվով, ինչպես նաև կատարված թեստերի տոկոսային թվով տեսնում ենք նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ և շաբաթական կտրվածքով։

«Համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ բացարձակ թվով և տոկոսով ունենք բարելավում, ինչը իրապես լավ հնարավորություն է  իրավիճակը այնքան լավացնելու, որ սա այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի։ Մեր տվյալներով՝ մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք  հուլիսի վեցին։ Այդ օրվանից հետո մենք ամեն օր ավելի քիչ պացիենտներ ենք ունեցել, և վերջին օրերը արձանագրում են նույն տենդենցը։ Հիմա կարող ենք արձանագրել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 500 է և նույնիսկ՝ ավելի ցածր, նախկինում 650 և ավելի է եղել։ Սա դրական իմաստով բերելու է նաև քիչ թվով մահացության, որովհետև մենք գիտենք, որ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներն են հիմնականում մահանում, իսկ մնացածը մեծ հավանականությամբ բուժվում են, եթե ծանրացում տեղի չի ունենում»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության որոշ ցուցանիշներին՝ Թորոսյանը նշել է․«Ուզում եմ տեղեկացնել, որ արդեն նշել եմ բազմիցս, որ վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունենք և հակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ  թե ՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ, թե ՛ վերակենդանացման մահճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն։ Նախնական ուզում եմ ասել, որ երեք բժշկական կենտրոններ՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը, օգոստոսի մեկից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին, որովհետև նրանք շարունակելու են մատուցել ծառայություններ  մեր ազգաբնակչությանը»։

Նախարարը հայտնել է, որ Երևանին մոտ ևս երեք կենտրոններ 10 օրվա ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։

«Եվ այդ տրամաբանությամբ կգնանք այնքան,  ինչքան՝ պետք լինի։ Այսինքն՝ հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ հիմա արդեն 2800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու՝ դիմակայել մարտահրավերին, եթե դա իհարկե տեղի ունենա»,- ասել է նախարարը։

Ըստ Թորոսյանի՝ պետք է շարունակենք պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչը պարտավոր ենք անել՝ թույլ չտալով մեզ հայտնի որոշ երկրների փորձը։

Կիսվել