Պուտինը, Սաակաշվիլին և Օգոստոսյան պատերազմը՝ Նիկոլա Սարկոզիի հուշերի նոր գրքում

Պուտինը, Սաակաշվիլին և Օգոստոսյան պատերազմը՝ Նիկոլա Սարկոզիի հուշերի նոր գրքում

700

2020 թվականի հուլիսին լույս տեսավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Փոթորիկների ժամանակը» (Le Temps des Tempêtes) հուշերի գիրքը, որում նա, մասնավորապես, պատմել է 2008 թվականի օգոստոսի 8-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև սկսված զինված հակամարտության կարգավորման գործում իր միջնորդական դերի մասին:
Այն, ինչ տեղի ունեցավ 2008-ի օգոստոսին ռազմական պատրաստության կադրի հետևում, մենք դեռ գիտենք միայն հատվածական, չնայած այն բանին, որ արևմտյան շատ քաղաքական գործիչներ և դիվանագետներ գրում են իրենց հուշերում դիվանագիտական ​​պայքարի մասին: «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հրապարակել է Սարկոզիի գրքի այդ մասը, որից կներկայացնենք որոշ հատվածներ:

Ֆրանսիայի նախագահը ռուս-վրացական պատերազմի մասին իմացավ 2008-ի օգոստոսի 8-ին Չինաստանում կայացած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

« Ես պարզապես շատ վատ լուր ստացա: Ռուսական բանակը հատում է վրացական սահմանը: Կարծես նրանք պատրաստվում են ներխուժել երկիր: Վլադիմիր Պուտինը նստած էր ինձանից քսան մետր այն կողմ: Ես իսկույն մոտեցա նրան, հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում: Խնդրեցի գոնե 48 ժամ տալ, որպեսզի իրավիճակը հանգստանա, սակայն սառը մերժում ստացա. «Ո՛չ, ո՛չ եւ ո՛չ»: Վայրը, որտեղ մենք գտնվում էինք, բոլորովին հարմար չէր նման զրույցի համար: Բացի այդ, չէի ցանկանում հրապարակային սկանդալ սարքել: Այսպիսով, ես վերադարձա իմ տեղը և վայելեցի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Այդ օրը ես առավոտյան ժամանել էի Չինաստան, և արարողության ավարտից հետո ես ստիպված էի վերադառնալ Ֆրանսիա»:

Սարկոզին գրում է, որ Չինաստանից Ֆրանսիա վերադառնալուց հետո նա իմացավ, որ վիճակն «ավելի ու ավելի է վատանում»:

«Ռուսական բանակը գտնվում էր Վրաստանի տարածքում, իսկ որ ամենավատն է՝ շարժվում էր Թբիլիսիի ուղղությամբ: Բոլորը շոկի մեջ էին: Ես որոշեցի զանգահարել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին»:

Պեկինից վերադառնալուց 3 օր անց Սարկոզին մեկնեց Մոսկվա:

«Վայրէջքից տասը րոպե առաջ ես պաշտոնական հաղորդագրություն ստացա, որ Մոսկվան կարգադրել է իր տանկերին կանգ առնել: Ես հանգիստ շունչ քաշեցի. այցը լավ էր սկսվում: Սակայն տանկերը կանգնեցնելը բավական չէր. հիմա պետք էր այնպես անել, որպեսզի նրանք ետ քաշվեն: Նախագահ Մեդվեդեւը եւ արտաքին գործերի «հավերժ» նախարար Լավրովը սպասում էին մեզ»:

Հանդիպումից անմիջապես հետո Մեդվեդեւը մի կողմ տարավ Սարկոզիին եւ հարցրեց. արդյո՞ք նա դեմ կլինի, եթե ընթրիքին իրենց միանա Պուտինը:

«Հակառակը, ես ուրախ կլինեմ, եթե տեսնեմ նրան հենց սկզբից»: Ես նույնիսկ մտածեցի, որ Պուտինի մասնակցությունը կհեշտացնի գործը. ես որեւէ հույս չունեի, որ ռուս գեներալները կենթարկվեն նախագահ Մեդվեդեւի հրամաններին, ինչը չես ասի Ռուսաստանի վարչապետի մասին:

Սարկոզիի «Ես եկա, տեսա, ես շահեցի» տոնով Պուտինի հետ բանակցությունների տեսարանը չափազանց հետաքրքիր է:

Եվ ահա հայտնվեց Վլադիմիր Պուտինը՝ մի փոքր այտուցված այտով: «Ատամս անտանելի ցավում է, նոր եմ գալիս ատամնաբուժից: Ես շատ վատ տրամադրություն ունեմ», – ասաց նա: Լսելով այդ խոսքերը, հասկացա, որ լավ բանի սպասել պետք չէ: Մենք նստեցինք փոքրիկ սեղանի շուրջ: Չորս հոգով էինք՝ Ժան-Դավիդ Լեւիթը, ես եւ ռուսաստանցի երկու առաջնորդները:

Կողքի սենյակում ընթրում էին Սերգեյ Լավրովը, Բերնար Կուշները (2007-2010թթ. Ֆրանսիայի արտգործնախարարը), Մեդվեդեւի աջ ձեռքը՝ Սերգեյ Պրիխոդկոն եւ իմ խորհրդական Դեմիեն Լորասը:

Ընթրիքը աներեւակայելի վատ մեկնարկեց: Պուտինը երկար մենախոսություն սկսեց: Առնվազն 15 րոպե նա ոչ մեկին չթողեց մի բառ ասել: Դա մեղադրական ճառ էր Սաակաշվիլիի քաղաքականության, նրա մեթոդների, նրա անձի հասցեին: Նա այնքան զայրացած էր, որ մի քանի անգամ խաչակնքվեց, երբ հիշատակում էր Վրաստանի նախագահի անունը»:

Սարկոզին հիշում է, որ տաքանալով, վեր թռավ տեղից, վերցրեց աթոռից կախված բաճկոնը, եւ շարժվեց դեպի դուռը:

«Բայց ու՞ր ես դու գնում», – լսեցի Պուտինի մտահոգված ձայնը: «Ես այստեղ անելիք չունեմ: Ես չեմ կարող մի բառ ասել, դու չես ուզում ոչինչ լսել: Այնպես որ ես կհայտնեմ մամուլին, որ իմ առաքելությունն ամբողջովին ձախողվեց», – պատասխանեցի ես: Պուտինը վեր կացավ եւ այս անգամ ավելի քաղաքավարի տոնով խնդրեց ինձ մնալ բանակցությունները շարունակելու համար, ես էլ նկատեցի, որ բանակցությունները չեն էլ սկսվել: Սակայն այդ ամենն արդեն հուսադրող էր:

Նախագահ Սարկոզին եւ նրա պատվիրակությունը մտնում են Վրաստանի նախագահի աշխատասենյակը:

«Այնտեղ ինձ շատ անկեղծ եւ զգացմունքային ընդունելություն էր սպասում: Այնտեղ էին նաեւ Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները, որոնք իրենց ներկայությամբ աջակցություն էին հայտնում Վրաստանին: Անկյունում առանձին կանգնած երկու մարդ նկատեցի: Երեւում էր, որ նրանք վրացի չեն: Ես հարցրեցի, ո՞վ են նրանք եւ ի՞նչ են այստեղ անում: Ինձ բացատրեցին, որն դրանք Սաակաշվիլիի ամերիկացի խորհրդականներն են: Ես պահանջեցի, որ նրանք անմիջապես լքեն սենյակը: Ես ուզում էի խոսել վրացի առաջնորդների հետ դեմ առ դեմ, առանց կողմնակի վկաների»:

Սարկոզին նշում է, որ Թբիլիսիում իր խոսակցությունները, հնարավոր է, գաղտնալսվում էին:

«Ես մեկ րոպե անգամ չէի կասկածում, որ ռուսներն ունեն բավարար տեխնոլոգիական կամ մարդկային ռեսուրս, որպեսզի հստակ իմանան, թե ինչ է կատարվում Թբիլիսիում: Արդեն կեսգիշեր էր, երբ մենք սկսեցինք առարկայական զրույցը: Ես փորձեցի բացատրել. կամ Վրաստանը կընդունի իմ պլանը, կամ Թբիլիսին կհայտնվի ռուսների ձեռքում, ինչը կնշանակի անկախ Վրաստանի վախճանը»:

Եվրոպական գործընկերների համոզումը, օգոստոսյան պարադոքսը և Սաակաշվիլիի կրկնակի սխալը:

«Սեպտեմբերի 8-ին, Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ես պահանջեցի ճշգրիտ և պարտադիր ժամանակացույց զորքերի դուրսբերման համար: Նախարար Լավրովի հետ փոխհրաձգությունից հետո, որը շատ ագրեսիվ էր, ես համաձայնության եկա, որ եվրոպական դիտորդների տեղակայումից երկու շաբաթ անց, ռուսական բանակը կլքի նոր գրավված տարածքը: 2008 թվականի վերջին պարզ դարձավ, որ Վրաստանին հաջողվել է փրկել իր անկախությունն ու ազատությունը: Ռուսական զորքերը մնացին միայն Հարավային Օսիայում և Աբխազիայում, որտեղ տեղակայված էին մինչև հակամարտությունը: Եվրոպային հաջողվեց պահպանել միասնությունը և ի սկզբանե մնաց այս ճգնաժամի կարգավորման միակ կազմակերպիչը »:

Կիսվել