Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի չափագրության աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանից։
«Ավարտվել են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքները։
Բյուրականի աստղադիտարանից աշխատանքներին մասնակցել են պատմամշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից Գրիգոր Բրուտեանն ու նույն բաժնի գիտաշխատակից Հայկ Մալխասյանը։
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/117404442_1142367029490695_5220921687284061012_o.jpg?_nc_cat=101&_nc_sid=730e14&_nc_ohc=6o7skHkKOn4AX9X0ot7&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=66ce1209d9d9a31863cd94e540f94ac7&oe=5F563300)
Համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է՝
- հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning)
- հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում
- հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից
- հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։
Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
![](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/117521876_1142367009490697_2148283578438829251_o.jpg?_nc_cat=101&_nc_sid=730e14&_nc_ohc=4c8d7btY0aUAX8kdZRy&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=8114f4a3e9423fdaede13963a3a98d2c&oe=5F54D6A1)