Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում

Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում

978

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը:

Նշված է, որ Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Այս մասին գրառում է կատարել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ քիչ հետո տեսանյութ կհրապարակվի:
«Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:
Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:
Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:
Կենսագրություն
Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության: Ամուսնացած է. ունի երկու երեխա:2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,- ասված է գրառման մեջ:

This image has an empty alt attribute; its file name is 118206928_3160786290624176_2399945056493238852_o.jpg

Նշենք նաև, որ Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Կիսվել