Նորաձևությունը նավթաարդյունաբերությունից հետո աշխարհում երկրորդ ամենաաղտոտող արդյունաբերությունն է, սակայն քչերը գիտեն այս մասին:
Համաշխարհային տաքացում, օդի աղտոտում, շնչառական հիվանդություններ, երկրագնդի ջրային ռեսուրսների պահպանման խնդիրներ. ահա այն ամենը, ինչին հանգեցնում է նորաձևության արդյունաբերությունը:
Իսկ դուք գիտեի՞ք, որ մեկ բամբակյա շապիկի համար սպառվում է 2700 լիտր ջուր, իսկ մեկ բամբակյա ջինսե տաբատի համար՝ 6000 լիտր ջուր: Այն դեպքում, երբ մոլորակը կանգնած է ջրային ռեսուրսների սպառման հիմնախնդրի առջև:
Բամբակն ամբողջ աշխարհում հագուստների 40%-ն է կազմում, և այս նյութը համարվում է առավել անվնաս, սակայն կրկին ոչ անվտանգ: Բամբակյա սպիտակեղենի, մետաքսի գործվածքների մանրաթելերը պատրաստվում են ցելյուլոզից, երբ այդ մանրաթելերը քայքայվում են, արտանետում են մեթան: Այսօր համաշխարհային տաքացման մարդածին պատճառների ավելի քան մեկ երրորդը տեղի է ունենում հենց մեթանի արտանետումների պատճառով:
Շրջակա միջավայրի համար վտանգավոր է նաև բամբակ աճեցնելը, քանի որ այն պահանջում է հսկայական քանակությամբ ջուր:
Այսօր աշխարհում հինգ ծով գոյություն ունի, որոնք անապատներ են դարձել հագուստների ստեղծման համար օգտագործվող ջրի ահռելի քանակի և թափոնների արտանետման պատճառով: Դրանցից մեկը հենց Արալ ծովը, որը գտնվում է Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքում:
Հագուստի թափոնների և ջրի անխնա օգտագործման պատճառով այսօր ծովը կանգնած է ամբողջական ցամաքելու վտանգի առջև: Ամեն տարի ծովի հատակից բարձրանում են ավելի քան 75 միլիոն տոննա փոշի թունավոր սուլֆատ և քլորիդ աղեր, որոնք օգտագործվում են հագուստի արտադրության մեջ, քանի որ հագուստի շատ քիչ տոկոսն է կազմում բնական հումքը: Արդյունքում՝ այս շրջաններում գրանցվում են նորածինների բարձր մահացություն, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացում, քիմիական նյութերի տարածում:
Գործվածքները նախքան հագուստի վերածվելը անցնում են շատ անբնական գործընթացներով: Սպիտակեցվում են, ներկվում և լվացվում քիմիկան ջրերում: Այսօր նաև բազմաթիվ գետեր են աղտոտվում գործվածքները ներկելու համար օգտագործվող նյութերի պատճառով: Ինդոնեզիայի Սիտեր և Չինաստանի Չուգանք գետերը այսօր անբարենպաստ են կենդանական աշխարհի և տեղաբնակների օգտագործման համար:
Ցանկացած հագուստի գունավորումը հանգեցնում է մեծաքանակ քիմիական նյութերի արտանետման: Բազմաթիվ վտանգավոր ներկանյութեր, հատկապես այնպիսինները, որոնք պատասխանատու են բարձր ինտենսիվության երանգների համար, մասնավորապես, մուգ գույների, ամեն օր թափվում են մոտակա քաղցրահամ ջրեր:
Ամբողջ գետերը վերածում են կարմիրի, կապույտի անբնական երանգների, որոնք ճարահատյալ օգտագործում են տեղաբնակները: Չինաստանի գնահատմամբ՝ տեղական ստորերկրյա ջրերի 90%-ն աղտոտված է, այդ թվում՝ մեծամասնությունը գործվածքների ներկերի պատճառով:
Ըստ Daily Mail-ի՝ Ինդոնեզիայի Կիտարում գետը ևս աղտոտոված է և օգտագործման համար վտանգավոր է, սակայն դեռևս 35 միլիոն մարդ օգտագործում է գետը, որպես խմելու ջրի աղբյուր: Ամեն տարի հենց այս վայրերում է գրանցվում քաղցկեղից և մաշկային հիվանդություններից ամենաշատ մահացության թվերը:
Նորաձևության արդյունաբերությունը տարեցտարի ընդարձակում է գործվածքների արտադրության մասշտաբները, և հենց այս ամենն է նորաձևության արդյունաբերությունը դարձնում ավելի ավերիչ: 2000 թվականից մինչև 2014 թվականը հագուստի համաշխարհային արտադրությունը կրկնապատկվել է, իսկ վաճառքն աճել է 2002 թվականին մեկ տրիլիոն դոլարից մինչև 2015 թվական՝ հասնելով 1,8 տրիլիոն դոլարի:
Միջին հաշվով, ամբողջ աշխարհում մարդիկ ամեն տարի 60%-ից ավելի հագուստ են գնում, քան 15 տարի առաջ և հրաժարվում են հին, մաշված կամ նորաձևությունից դուրս եկած հագուստից: Սա ահռելի, հսկայական քանակությամբ տեքստիլ թափոններ է նշանակում, որից Երկիր մոլորակն այնքան էլ հեշտ չի կարողանում ազատվել:
Օրինակ՝ ԱՄՆ-ում ավելորդ հագուստի 84%-ն ամեն տարի այրվում է աղբավայրերում: Կազմակերպությունները պնդում են, որ այսչափ թափոնների պարբերական այրումները արտանետում են նույնքան վնասակար նյութեր, որքան 7,3 միլիոն ավտոմեքենաներից դուրս մղվող արտանետումները:
Հագուստներում ժամանակակից նյութերի ամրությունը խնդիրներ է ստեղծում դրանցից ամբողջությամբ ազատվելու համար: Սինթետիկ մանրաթելերի պահանջարկը տարեցտարի աճում է: Դրանցից, օրինակ, պոլիէսթերը, որը օգտագործվում է հագուստի տարբեր տեսակներում, այդ թվում՝ ներքնազգեստներում: Այս նյութի շնորհիվ կտորը մնում է դիամացկուն, լավ պահպանում է իր գույնը, ձևը, արագորեն չորանում է և քայքայվում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր տարիների ընթացքում:
Այսօր աշխարհը, գիտակցելով, թե նորաձևության օրեցօր զարգացող արդյունաբերությունը ինչերի է հանգեցնում և թե ինչ անդառնալի հատևանքներ է դեռ թողնելու, կիրառում է, այսպես ասված, «Second hand»-ի տեխնիկան: Վերամշակում է հագուստը, փորձում է նվազեցնել «Fast fashion»-ի արտադրությունը՝ նույն էժան և շատ սպառվող հագուտը: Սակայն այս ամենը պետք է գիտակցեն նաև սպառողները՝ գնելով քիչ և որակյալ հագուստ, այլապես հաջողության հասնելը կդառնա անհնար:
Հեղինակ՝ Արուս Միրզոյան