Օգոստոսի 31-ին ԱՀԿ-Ն կքննարկի կրթական հաստատությունների վերաբացման հարցերը. Եգոր Զայցև

Օգոստոսի 31-ին ԱՀԿ-Ն կքննարկի կրթական հաստատությունների վերաբացման հարցերը. Եգոր Զայցև

723

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը «Շանթ»-ին տված հարցազրույցում ասել է, որ օգոստոսի 31-ին ԱՀԿ-ն կրթական հաստատությունների վերաբացման հարցերը կքննարկի անդամ երկրների հետ։

«Մենք հանձնաժողով ենք ստեղծել, որի նախաձեռնողը իտալացիներն են։ Այն պետք է քննարկի դպրոցների վերաբացման բոլոր ասպեկտները։ Շատ երկրներ հակված են բացել դպրոցները, սակայն մենք պետք է պատրաստ լինենք և օգտագործենք մեր բոլոր միջոցները՝ համոզված լինելու, որ ամեն ինչ արվում է վիրուսը վերահսկելու համար։ Հիմա դեռ մանրմասները քննարկվում են և օգոստոսի 31-ին արդեն կներկայացվեն անդամ երկրներին»,-նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Զայցևը ասաց, որ ներկա պահին կորոնավիրուսի վարքագծի փոփոխություններ չեն նկատվում։ Բուժման տեսանկյունից էլ դեռևս բուժման արդյունավետ միջոց չկա, բայց կառավարություններին հորդորում են, որ առաջ մղեն ոչ դեղագործական միջոցների կիրառումը։

«Մենք հասկանում ենք, որ որոշ երկրներում մարդիկ մի քիչ հոգնել են, դժգոհում են դիմակ կրելուց, բայց պետք է հասկանալ, որ ցանկացած երկրում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար պետք է կիրառել այդ ոչ դեղագործական միջոցները» , -նշեց Զայցևը։

Հարցին, թե ինչպես են գնահատում աշնանը երկրորդ ալիքի հավանականությանը, Զայցևը ասաց, որ այդ ժամանակահատվածում նաև գրիպ ենք ունենում, և պետք է համոզված լինել, որ այս ամիսներին վիրուսի առկայությունից արդեն դասեր քաղել ենք։

«Ես նորից կրկնում եմ, որ շատ կարևոր է ոչ դեղագործական միջոցների կիրառումը։ Կարևոր է նաև կոնտակտավորների հայտնաբերման և կարանտինային միջոցների կիրառումը։ Լրացուցիչ լոք դաունը շատ ծանր կլինի, բայց առանձին օջախների դեպքում կարող են կիրառվել տեղային լոք դաուններ՝ կանխելու այդ մարդկանց կողմից վիրուսի տարածումը։ Հայաստանի ԱՆ-ն և կառավարությունը այս մոտեցումների կողմնակից են»,- ընդգծեց նա։

Կիսվել