«Ես խաղաղություն եմ ուզում»… այսպես էր վերնագրված առաջին շարադրությունը, երբ մի հին, բայց խնամքով պահված տետր ձեռքս վերցրի ու մեծ պատասխանատվությամբ փորձեցի կարդալ: Ընթացքում սրտիս զարկերն արագանում էին. չէ՞ որ ձեռքիս էր Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի պատանեկության հասակում գրած շարադրությունների տետրը, որը սրբորեն պահել էր նրա քույրը՝ տիկին Ալվարդ Մկրտչյանը:
«Մարտի 8-ն էր, մի մառախլապատ, անձրևոտ օր, այդ ժամանակ մանուշակներն էլ դեռ չէին բացվել: Արթնացանք և տեսանք Արթուրը չկար, նա ընդամնենը 6-7 դասարանների երեխա էր: Մտածեցինք՝ ուր պիտի գնացած լինի այս անձրևին։ Հանկարծ տեսնենք՝ Արթուրը տուն եկավ՝ ձեռքին մի քանի ցողաթաթախ մանուշակ՝ ասելով՝ մամա, մարտի 8-դ շնորհավոր»,- հիշում է տիկին Ալվարդը:
Արթուր Մկրտչյանի պատմության ուսուցիչ Միքայել Խաչյանն իր հուշերում գրել է, որ հարազատ գյուղի դպրոցում աշխատանքի անցնելն ու Արթուրի 5-րդ դասարան տեղափոխվելն իրար համընկել են, և նա պիտի պատմություն դասավանդեր այն դասարանում, որտեղ սովորում էր Արթուր Մկրտչյանը: Ուսուցչի խոսքով՝ Արթուր Մկրտչյանն ուրիշ է եղել, նրա հետաքրքրությանը չափ չի եղել, և դա էլ հիմք է դրել պատմության ուսուցչի և Արթուրի մտերմությանը:
«2 տարի անց զգացի, որ տղան սիրահարված է պատմությանը: Դրանում ավելի համոզվեցի, երբ մաթեմատիկայի ուսուցչուհին դիմեց ինձ.
-Ընկեր Խաչյան, պարզվում է, որ ինձ խանգարում ես:
-Ինչպե՞ս թե խանգարում եմ:
-Տղան մաթեմատիկա էր սիրում, հիմա հիասթափվել է:
-Եվ ի՞նչ:
-Պարզվում է՝ առել ես իմ ձեռքից:
– Եվ դրա համար նեղանու՞մ ես:
– Բնավ, պարզապես ուզում եմ, որ նրա հանդեպ ուշադիր լինես:
– Ես շնորհակալություն հայտնեցի ուսուցչուհուն»,- գրում է Արթուր Մկրտչյանի պատմության ուսուցիչ Միքայել Խաչյանը:
Մի անգամ էլ դասարանի միջակ սովորող տղան դաս է պատասխանել, ու ուսուցիչը գնահատել է 3 միավոր։ Տղան ասել է՝ ինչ կլինի, եթե 5 դնեք։ Ուսուցիչն էլ ասել է՝ ոչ մի բան էլ չի լինի ու նշանակել է։ Մի քանի օր անց այդ երեխան ցանկություն է հայտնում դաս պատասխանելու և պատասխանում է գերազանց։ Պարզվում է՝ Արթուրն էր տղային նպատակաուղղել այդ քայլին՝ ասելով եթե ուզում ես խիղճդ տեղը լինի, ես քեզ կսովորեցնեմ, դու 5- ի կպատասխանես։
Դպրոցական տարիներից նմանատիպ պատմություններն անվերջ են։ Այդ պատմություններում արդեն իսկ երևում են ապագա առաջնորդի, ապագա հերոսի մտածողությունն ու արժեհամակարգը։
Դպրոցից հետո տղան փայլելու էր նաև համալսարանում։ Ալվարդ Մկրտչյանի ապրումներն այդ տարիներից այնքան խորն են, որ նույն ոգևորությամբ ու հպարտությամբ պատմում էր.
«Արթուրն ու մայրս մեկնեցին Երևան, ես ու հայրս սպասողական, անհանգիստ օրեր էինք ապրում։ Պիտի առաջին քննությունը հանձներ։ Հիսուն տեղի համար դիմումների թիվն անցել էր հազարից։ Ամսի երկուսն էր, երեքն էր, բայց մենք լուր չունենք։ Քննությունը մեկին էր եղել»,-պատմում է տիկին Ալվարդն ու շարունակում, որ հայրն ասել է՝ դե, երեխա է, գնացել է ուժերը փորձի ու գա։ Ամսի չորսն է եղել, երբ քույրն ու հայրը կրկին լուր չեն ունեցել Արթուրից։
«Մտածում էի՝ ախր ոնց կարող է Արթուրը չընդունվել։ Այդ մտքերի մեջ էի, երբ հեռախոսի զանգը հնչեց։ Հեռախոսը վերցրի և լսեցի հորս ձայնը՝ Ալվարդ, Արթուրը գրավորից 5 է ստացել»,- մեծ հուզմունքով ու հպարտությամբ պատմում է տիկին Ալվարդը։ Իսկ հայրը լուրը բերողին 10 ռուբլի է տվել:
Արթուր Մկրտչյանը գերազանց է ստանում նաև մնացած 2 քննությունները և 3 ընդունելության քննություններից ստանալով առավելագույն 5 միավորները՝ ըդնունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։
Գիտության մեջ իր հաղթարշավը շարունակում էր Արթուր Մկրտչյանը։ Մոսկվայում սովորելու տարիներին Արթուր Մկրտչյանն իր գիտական ատենախոսության թեման ընտրում է Լեռնային Ղարաբաղի հայերի հասարակական կենցաղն ու հանրային հարաբերությունները։ Սա չուսումնասիրված թեմա էր, Արցախին վերաբերող առաջին թեման էր, որ պիտի պաշտպանվեր խորհրդային տարիներին։
Քույրը հավաստիացնում է, որ Արթուր Մկրտչյանը կատարելապես գիտեցել է Արցախի հիմնախնդիրը և դա ապացուցել է իր ատենախոսությամբ ու կենսագործունեությամբ։
Սկսվում է ազատագրական պայքարը և Արթուր Մկրտչյանը մոռանում է պատրաստի թեկնածուական թեզի պաշտպանությունը, քանի որ գտնվում էր Հադրութում։
«Արթուրին առանձնապես չէր հետաքրքրում այդ արարողությունը, որին հասնելու համար այդքան ջանք ու ժամանակ էր հատկացրել»,-ասում է քույրը։ Սակայն ընկերները համոզում են արագ ու սեղմ ժամկետում պաշտպանել թեզը։ Ալվարդ Մկրտչյանի խոսքով՝ Արթուր Մկրտչյանի ատենախոսության պաշտպանությունը վերածվել է քաղաքական ցույցի, քանի որ տեսականորեն հիմնավորել է հայության իրավունքը Արցախ- Ուտիքյան տարածաշրջանում։
Որոշվում է Արթուր Մկրտչյանին շնորհել պատմական գիտությունների թեկնածուի կոչում։
Ազատագրական պայքարը բեկումնային դեր է ունենում երիտասարդ գիտնականի կյանքում։ Ալվարդ Մկրտչյանի բնորոշմամբ՝ քաղաքականություն է մտնում գիտելիքներով հարուստ, ազնիվ, հայրենասեր տղան՝ Արթուր Մկրտչյանը։
«Տաղանդավոր էր, ուներ ներքին մեծ ուժ, ծանր վիճակներին մարդկանց օգնելու շնորհ»,-ասում է քույրը։
1992թ. հունվարի 8-ին տեղի են ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահական ընտրությունները։ Նախագահ է ընտրվում Արթուր Մկրտչյանը։
Ներկաների խոսքով՝ Արթուր Մկրտչյանի ելույթն այնքան ազդեցիկ, ներգործական ու հմայիչ էր, որ դահլիճում կարծես հեղափոխություն է կատարվել։ Նրա մասին ասում են՝ նա քաղաքականություն բերեց բարոյականությունը։
Ալվարդ Մկրտչյանը, հուզմունքը չթաքցնելով, ասում է.
«Նվիրյալ, ժողովրդի սերն ու աջակցությունը վայելող Արթուր Մկրտչյանը պաշտոնավարեց ընդամենը 97 օր, ապրեց ընդամենը 33 տարի»։
Գուցե Հերոսի ճակատագիրն էր Հիսուսի տարիքում անմահանալը…
Նրա հուղարկավորությանը ներկա էր ամբողջ Արցախը։
Քույրն ասում է՝ Հայաստանն ու Արցախը կորցրին իրենց քաջորդուն, ազատամարտիկին ու քաղաքական գործչին։ Եվ գուցե նախախնամությունն էր այնպիսի ճակատագիր կանխորոշել նրա համար, որ ժամանակի պահանջով նա հայտնվի Արցախի երկնակամարում, իսկ հետո հանկարծակի մարող աստղի պես հեռանա՝ թողնելով լուսավոր հետագիծ յուրաքանչյուր արցախցու հոգում։
«Բոլորիս հիշողության մեջ նա ընդմիշտ մնաց 33 տարեկան, մնաց աշխարհին արևի պես նայող իր բարի հայացքով, իր անկրկնելի ժպիտով, իր եզակի մարդկային նկարագրով…»,-եզրափակեց տիկին Ալվարդը։
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոսի» կոչում։
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան