Գիտելիքը երկսայր սուր է. Արմեն Սարգսյան

Գիտելիքը երկսայր սուր է. Արմեն Սարգսյան

462

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է գիտելիքի և դպրության օրը:

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։

Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։

Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։

Բայց մինչ այդ պետք է անել առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց։

Այդտեղից է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, և իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։

Գիտելիք՝ կյանքի, մարդու, աշխարհի և բնության մասին… Այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։

Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը, մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մանկապարտեզի ձեր դաստիարակների, դպրոցի ձեր ուսուցիչների, բուհի ձեր դասախոսների, և իհարկե, ձեր ծնողների օգնությամբ եք դուք հասնում գիտելիքին։

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին և հատկապես մեր առաջին ուսուցիչներին, որոնք խոր հետք են թողել մեր կյանքում։

Գիտելիքը ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի և անուղղակի իմաստով սարեր շրջել։

Այդ ուժն առաջին հերթին սնվում է Ընտանիքից, Հայրենիքից, հայրենի հողից։

Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը։ Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունն ու գիտելիքը, տիրապետել լեզուների և նորագույն տեխնոլոգիաների, ձեր բանականությամբ ստեղծել արհեստական բանականություն և այն ուղղել մեծ արժեքներ ստեղծելուն։

Բայց միշտ հիշեք, որ առաջնային են ընտանեկան ու ազգային արժեքները և ազգային նպատակները։

Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը։

Մաղթում եմ ձեզ առողջություն և խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում։

Կիսվել