Արցախի անկախացման ճանապարհը շատ դժվար էր, մեզ մոտ հակասական զգացողական ընկալումներ էին....

Արցախի անկախացման ճանապարհը շատ դժվար էր, մեզ մոտ հակասական զգացողական ընկալումներ էին. Լարիսա Ալավերդյան

577

Արցախի անկախության օրվա առթիվ journalist.am-ը զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ, որը Արցախի անկախության տարիներին աշխատում էր Գերագույն Խորհրդի Արցախի հատուկ հարցերով հանձնաժողովում։

Արցախի հանրապետության անկախացման հետ կապված ինչպիսի՞ հուշեր կան, որոնք արժեքավոր են։

Այդ օրերի հուշերը կապված են երկու շաբաթվա դինամիկ զարգացումների հետ։ Քչերն են հիմա հիշում, բայց մենք ժամերն էինք հաշվում, թե երբ կավարտվի «Օղակ» գործողությունը՝ հույս կապելով, որ միայն դրանից հետո կգա խաղաղությունը։

Հարց. Ինչպիսի՞ն էր ընդհանուր մթնոլորտ այդ օրերին։

Բոլորն ապրում էին սարսափի մեջ, քանի որ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի սահմանմերձ գյուղերում դաժանություններ էին կատարվում։ Մարդկանց սպանում էին, առևանգում, անօրինական ձևով ձերբակալում, իսկ մենք փնտրում էինք, քանի որ անհետ կորածների կարգավիճակում էին։

Օգոստոսի 31-ին Ադրբեջանը դուրս եկավ Սովետական միության կազմից։ Ինչպիսի՞ն էր իրավիճակը Արցախում։

Արտակարգ դրության պետական ​​կոմիտեն ողջունում էր Սովետական միության հանրաքվեն և կողմ էր քվեարկել, սակայն ընդամենը 9 օր անց Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը փոխում է իր դիրքորոշումը և օգոստոսի 31-ին հայտարարում, որ դուրս է գալիս Սովետական միությունից։ Նա հայտարարում է, որ դուրս է գալիս ոչ թե օրենքի համաձայն, այլ այն պատճառով, որ օկուպացված է եղել։ Այդ օրերի զարգացումները մեզ համար վերին աստիճանի սրընթաց էին. մենք օգոստոսի 31-ին իրապես ապրում էինք շատ հակասական զգացմունքներ։ Մեզ համար իրոք ցնցում էր, որովհետև Ադրբեջանը հայտարարելով, որ օկուպացված է եղել և չի ճանաչել Սովետական միության կարգերը, փաստորեն խաչ է դրել Արցախի և Շահումյանի շրջանների հանդեպ իր առանց այն էլ կիսատ սուվերենությանը, որովհետև այդ փոքրաթիվ ազգերի անվտանգության երաշխիքը եղել է Սովետական միությունը։ Իսկ օրենքն ասում է, որ դուրս եկող բնակչությունը կարող է ինքնուրույնություն ընտրել իր պետական կառավարման և՛ սոցիալական, և՛ քաղաքական համակարգերում։

Ինչպե՞ս դիմավորեց Արցախն անկախությունը։

Օգոստոսի 31-ին ստացած լուրից հետո, Արցախում սկսում են նիստերը և սեպտեմբերի 2-ին անկախության հռչակագիրը հրապարակվում է։ Այդ օրերին բոլորը համոզված էին, որ թնջուկը լուծվեց, և շատ մեծ հույսեր կային, որ դրանով ավարտվում է 1988-ից սկսած պայքարը։ Մի քանի օր ցնծություն էր, բայց դրան վերջ դրվեց Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ միանգամայն շատ ավելի ուժգին հարվածներով։ Եվ ամենաուշը 5 օր հետո բոլորս հասկացանք, որ դա ոչ թե վերջն է այս պայքարի, այլ շատ ավելի դաժան փուլի սկիզբն։

Ի՞նչ դժվարությունների հանդիպեց Արցախը անկախացման ճանապարհին։

Անկախացման ճանապարհը շատ դժվար էր, մեզ մոտ հակասական զգացողական ընկալումներ էին, քանի որ քչերն էին հավատում, որ Սովետական միության ժամանակ կարող էր արյունահեղություն լինել։ Դա ընկալելի չէր, բայց դրա դեմ էլ սկսեցինք պայքարել։ Անկախացումից երկու օր անց ես, պատգամավոր Արամյանը և ևս մի քանիսը հանդիպում ունեցանք Արցախի պետական պաշտպանության կոմիտեի նախագահի և այլ անձանց հետ։ Այդ օրերը մեզ համար ուղղակի ցնծություն էին, ուրախություն, քանի որ Արցախը ձեռք էր բերել իր անկախությունն ու ազատությունը։

Հեղինակ` Անի Թամրազյան

Կիսվել