ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

2153

Հանրային հեռուստատեսությունն էլ կյանքի մի յուրահատուկ դպրոց է, որտեղ մասնագետների ներկայիս սերունդն արել է իր առաջին քայլերը, կրթվել ու դաստիարակվել այդ պատերի ներսում: Նրանք այսօր շարունակում են ծնողների աշխատանքը հեռուստատեսության շղթայում: Ու երբ նրանք են դառնում լրագրողական գրչի մուսան, իրենց զենքերը հարկադրած վայր են դնում.

– Վե‘րջ, այստեղ ես այլևս ռեժիսոր չեմ,- կես-կատակ, կես-լուրջ խոստովանում է ռեժիսոր Դավիթ Ավդալյանը:

Ռեժիսոր Մելիք Մայիլյանը Հանրային հեռուստատեսությունում իր քայլերն սկսել է որպես օգնական: Հիշում է 1967 թ., երբ երկու ամսով աշխատանքի անցավ հեռուստատեսությունում.

-Երբ Ռուբեն Հախվերդյանը մեկնեց հյուրախաղերի, ես նրա փոխարեն ընդունվեցի աշխատանքի, սակայն այդ ընթացքում ինչ-որ բան հասցրեց մնալ իմ մեջ:

Հետագայում ռեժիսորը վերադառնում է իր նոր աշխատանքին, ամենայն լրջությամբ հետևում մեծերի խորհուրդներին, ընկալում նրանց ասածները: Երկար տարիները, սակայն, նրան մոռացնել չեն տվել աշխատանքային վաղ շրջանը, երբ ժապավենով նկարում, կտրում, կպցում էին, մոնտաժում ու եթեր հեռարձակում.

-Այդ ժապավենների հոտը ես այսօր էլ զգում եմ. անգամ տեսանյութերից եմ զգում, բայց, միևնույն է, առաջվանը չէ:

Ռեժիսոր Մելիք Մայիլյանը մեծ ակնածանքով է հիշում իր դասախոս Արթուր Մինասյանին, որի որդու հետ այսօր էլ աշխատում է:

Ռեժիսոր Մուշեղ Մինասյանը երկու տարեկանից է զգացել ժապավենների բույրը: Նա իրեն բախտավոր է համարում, որ Հանրայինում միաժամանակ աշխատել են և’ հայրը, և’ մայրը: Հիշում է իր մանկական վախն ու անկեղծ զարմանքը, երբ միաժամանակ և’ հեռուստատեսությամբ, և’ իր կողքին կանգնած էր տեսնում ծնողներին.

-Փախչում, թաքնվում էի տատիկիս մոտ ու խնդրում բացատրել` ինչպես է ստացվում, որ նրանք նույն պահին հեռուստատեսության էկրանի երկու կողմում էլ են: Մինասյանը 13 տարեկան էր, երբ հոր կերպարանքը կենդանի մնաց միայն հեռուստացույցի էկրանից այն կողմ.

-Վաղ տարիքում հորս կորցնելուց հետո որոշեցի, որ գնամ հեռուստատեսություն: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել հայրիկիս գործընկերների հետ, որոնցից ես շատ բան սովորեցի:

Մանուկ հասակում իրենց օջախը լեցուն էր ծնողների գործընկերների խինդ ու ծիծաղով: Այդ ժամանակ նրանց կողքին մեծացել է հենց ներկայիս ավագ սերունդը: Մինասյանն էլ հիշում է այդ տարիների իր ընկերներին, որոնք այսօր էլ իր գործընկերներն են.

-Այսօր այնպես է ստացվել, որ Տիգրան Մանկիկյանի հետ եմ աշխատում. վա~յ-վա~յ-վա~յ-վա~յ… հոգիս ուտում ա, բայց դրա մեջ էլ համ ու հոտ կա,- անկեղծանում է նրա մանկության ընկերն ու գործընկերը:

Ինժեներ Ռազմիկ Մանկիկյանի որդին էլ այսօր շատերի նման Հանրային հեռուստատեսությունում իր աշխատանքային սեղանն ունի: Օպերատոր Տիգրան Մանկիկյանն էլ է վառ հիշում իր մանկությունը, երբ հայրն իրեն ու եղբորը բերում էր հեռուստատեսություն:  Ժպիտով է հիշում` ինչպես էին ամեն անգամ եղբայրներով նայում իրար ու հարցնում` ուր են եկել և ինչու.

-Մի անգամ էլ հայրս առաջարկեց անցնել հեռուստատեսության բոլոր բաժիններով` հասկանալու համար` որն է ինձ ավելի հոգեհարազատ, որ սովորեմ ու գամ աշխատելու: Հայրս մեծ դեր ունեցավ իմ մասնագիտության ընտրության հարցում: Հեռուստատեսությունն ինձ համար մի շղթա է, և կարծում եմ, որ այդ դպրոցը ես յուրահատուկ կերպով եմ անցել:

«Կյանքի դպրոցում սովորելը պարտադիր է. դրանից խուսափել չի կարող ոչ մի մարդ». Վուդբերի

Այդ շղթան շարունակվում է, և այսօր էլ Հանրային հեռուստատեսությունում հիշում են հայկական հեռուստատեսության հնչյունային ռեժիսուրայի բաժնի հիմնադիր Մեսրոպ Փահլավունուն: Նրա որդին` Արմեն Փահլավունին, հաճախ էր հայրիկի հետ լինում հեռուստատեսությունում, բայց երբևէ չէր մտածել, որ կարող է օրերից մի օր ինքն էլ նստի վահանակի առջև…

-Մանկուց հայրիկիս հետ գաիս էի հեռուստատեսություն, սիրում էի նրանց աշխատանքը, բայց չէի մտածում, որ մի օր ես էլ նրանց դերում կլինեմ:

Նա էլ իր մյուս գործընկերների նման զգում է հեռուստատեսության շղթայականությունը,  ուր այսօր իրենց սերունդն է աշխատում` հնչյունային բաժնի ռեժիսոր Լիլիթ Իսկանդարյանը, վերջինիս քույրը` Սվետլանա Իսկանդարյանը…

Սակայն եթե Արմեն Փահլավունին, մանկուց հեռուստատեսությունում լինելով, չէր պատկերացրել, որ մի օր իր առջև էլ կբացվեն Հանրայինի աշխատասենյակի դռները, Լյուդմիլա Գևորգյանի աղջիկը` տեսագրման բաժնի հերթափոխի ինժեներ Սվետլանա Իսկանդարյանը, մեկ տարեկանից լինելով հեռուստատեսությունում, հետագայում այլևս մասնագիտության շուրջ մտածելու կարիք չի ունեցել.

-Ինձ համար տոն ու ուրախություն էր, երբ մայրիկն ինձ բերում էր աշխատանքի: Ուրիշ ընտրություն չէր կարող լինել: Նա էլ հիշում է իր սերնդակիցներին, որոնց հետ խաղացել է, իսկ այսօր արդեն աշխատում է:

Հաղորդավար Արմեն Մարգարյանն էլ շարունակում էր իրենց սերնդի շղթան: Հիշում է, որ 4-5 տարեկանում հեռուստատեսություն էր գալիս տատիկի ու մայրիկի հետ, և դեռ այդ տարիքից իր տեսախցիկն ուներ, որն ապագայում մասնագիտության անբաժան գործիքն էր դառնալու. -Առաջ հեռուստատեսությունն ուներ իր ազդեցիկ հոտը, որը ոչ մի բանի հետ շփոթել չէր կարելի: Միշտ մեծ հաճույքով էի մտնում շենք ու շնչում այդ օդը. «Այսօր այն էլ չկա»:

Նկարահանվելու ցանկությունը հաղորդավարի մեջ վաղուց է եղել. երբեմն արտահայտել է, երբեմն էլ` համեստությամբ լռել, մինչև որ առաջին անգամ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման շրջանակներում, որն իր մայրիկն էր վարում, արեց առաջին քայլերը: Եվ հենց տասնհինգ տարի առաջ էլ ծանոթացավ ռեժիսոր Արտակ Ավդալյանի որդու հետ, որի հետ այսօր էլ աշխատում է «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակում:

Դավիթ Ավդալյանի համար հեռուստատեսությունը մի թռչող ափսե է եղել, իր հայտնաբերած նոր մոլորակը, որի հետևից արտասվում էր, որ իրեն էլ տաներ… Տարավ: Այսօր նա Հանրային հեռուստատեսությունում աշխատում է որպես ռեժիսոր.

-Դժվար է հասնել նրան, որ քեզ սկսեն լուրջ վերաբերվել այն դեպքում, երբ իրենց աչքի առջև ես մեծացել: Ժապավենների բույրից զատ` Դավիթ Ավդալյանը հեռուստատեսությունն ասոցացնում էր պարկետների ճռճռոցի հետ.

-Երբ ասում էի` պետք է գնամ պապայիս մոտ` գործի, նույնն է, թե ասեի` գնում եմ ճռճռացող պարկետներով այն տեղը:

Այս սերունդն այսօր շարունակում է ծնողների հեռուստատեսային կենսագրությունը:

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել