Բերձորի երեկն ու այսօրը

Բերձորի երեկն ու այսօրը

1373

1992 թվականի մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:

Աշոտ Խաչատրյանը առաջիներից է, որ եկել բնակվելու Բերձորում: 1990-ակաների պատերազմական տարիներից հետո որոշում է մեկնել Արցախ և մնալ այնտեղ։
«Ի հիշատակ զոհված ընկերներիս`որոշեցի գոնե ես գամ իրենց արյամբ ազատագրված հողում բնակվեմ 1 տարի և վերադառնամ ընատնիքիս մոտ»,– հիշում է Խաչատրյանը։ Բայց մեկ տարին դարձավ 27։

Բնութագրությունը հասանալի չէ

Աշոտ Խաչատրյանը շուրջ 3 տասնամյակ իր ընտանիքի հետ ապրում է Բերձորում: 1994 թվականից մեկնարկեց Քաշաթաղի շրջան տեղափոխվելու պետական ծրագիրը:
«Մոտ 40 ընտանիք է ապրել Բերձորում, որոնք եկել են ինձանից առաջ: Ամենահեռու գյուղը այստեղից եղել է Վազգենաշենը. 41 կմ է Բերձորից մինչև այնտեղ, 4 հոգով ենք ապրել։ Երբ նոր էի եկել, առաջին 3 ամիսը այնտեղ եմ ապրել` գործի բնույթով պայմանավորված»,– պատմում է Աշոտ Խաչատրյանը։
Այդ տարիների ամենամեծ դժվարությունը աշխատանք չլինելն էր։ Մարդիկ զբաղվում էին այն ամենով, ինչով կարողանում էին` անասնապահությամբ, շինարարությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

Նորաբնակ բերձորցիներին, որպես աջակցություն, անասնակեր էին հատկացնում։ Աշոտ Խաչատրյանը հիշեց, որ առաջին անգամ, երբ օգնությունը հասել է շրջան, ինքը չի կարողացել ստանալ։
«Մեկնել էի Հայաստանի Հանրապետություն` ընտանիքիս տեսնելու, և տեղում չլինելու պատճառով ինձ չտվեցին այդ անգամ»,– պատմեց նա։
Մինչ ընտանիքի՝ Բերձոր տեղափոխվելը, Աշոտ Խաչատրյանն առաջին մի քանի ամիսն այնտեղ ապրել է ընկերների` Հրայր Շիշկոյանի, Անուշավան Երվանդյանի հետ։
«Միասին էինք ապրում և միասին էինք ճաշ եփում»,– ժպիտով է հիշում այդ օրերը։

Շուտով նրանց է միանում նաև Անուշավան Երվանդյանի եղբայրը` Անդրանիկ Երվանդյանը` իր ընտանիքով: Իսկ տնային գործերը սկսում է կատարել Անդրանիկի կինը`Սուսաննան։
«Դառնում ենք մի ընտանիք»,- նշում է Աշոտ Խաչատրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

1994 թվականի սեպտեմբերի 1-ին բացվել է այն ժամանակ Քաշաթաղի առաջին դպրոցը` ներկայիս Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը` 34 աշակերտով։

«Ուսուցիչներին այն ժամանակ չէինք կարողանում հրավիրել, հնարավորություն չկար, բայց կային մարդիկ, ովքեր ավարտած էին, իրենք էին դասավանդում։ Շատ դժվարություններ են եղել, մեզ շատ-շատ օգնել է վաղամեռիկ Վարդանյան Գագիկը, շատ մեծ ներդրումներ է ունեցել, նա ուսումնական մասում շատ մեծ դեր է կատարել»,– հիշում է Խաչատրյանը։

Դպրոցի բացմամբ Բերձորում հիմնվեցին առաջին աշխատատեղերը։
«Բայց դժվարությունները նոր էին սկսվում։ Կրթության բաժնի պետն այդ ժամանակ Օհանջանյան Ռուբիկն էր, հայթայթում էինք սեղան, նստարան, Ջաբրաելից, Ֆիզուլից և կահավորում էինք դպրոցը։ Վարչակազմի Ղեկավար Ալեքսան Հակոբյանն աջակցում էր դպրոցին վառելիքով։ Այս շրջանը թե՛ վառել էին, թե՛ թալանել: Չկար ոչինչ, մենք այնտեղից էինք բերում, որ ապահովեինք երեխաներին», –նշեց Խաչատրյանը։

Տեղափոխվելու տարիներին բերձորցիներին սնունդով ապահովում էր պետական վարչակազմը։ Պետական միջոցներով հատկացնում էին յուղ, բրինձ և այլ մթերքներ։ Շրջանում կար 1 խանութ ու 1 պահեստ, որը շատ մատչելի էր։ Աշոտ խաչատրյանը հիշում է.
«Երբ մեկը չէր կարողանում կով կթեր, կենդանի պահեր, մեկս մյուսին օգնելով ապրել ենք և այսպես հասել ենք մինչև մեր օրերը և հետո սկսվեց ավելի կատարելագործվել, պետական աչքը ավելի կոնկրետ դրվեց գործին և առաջ գնացինք: Ես էլ աշխատանքի ընդունվեցի կրթության բաժնում`որպես տնտեսվար ու էդպես կամաց-կամաց մեկ տարին դարձավ երկու – երեք։ Հետո երեխաներս դպրոց գնացին։ Դպրոցից չէի կարող հանել. հիմնավորվել էին, հետո աղջիկս ծնվեց, արմատներս ավելի ամրապնդվեցին։ Այդպես էլ մնացի այստեղ»,– ասաց նա։

Կյանքը Բերձորում այսօր էլ հեշտ չէ։ Դժվարություններն այսօր էլ դեռ վերջնականապես հաղթահարված չեն։ Բայց Բերձորն արդեն կանգնած է ամուր ոտքերի վրա` իր ռազմավարական կոչմանը համապատասխան։

Այս 27 տարիների ընթացքում Բերձորում կյանքը փոխվել է: Ամեն մեկը գտել է իր աշխատանքը, դատարկ տները քչացել են, այն ավերակները վերածվել են նորակառույց գեղեցիկ շենքերի, դպրոցներն էլ ավելի են գեղեցկացել և կահավորվել:

Բերձորում բացվել է ևս մեկ նոր դպրոց 1996 թվականին անվանվել է Վ. Զատիկյանի անունով, բացվել են երաժշտական, մարզարվեստի գիշերօթիկ դպրոցներ:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Բացվել է նաև երկրագիտական թանգարան-պատկերասրահ և բուժմիավորում, որը 2019 թվականի դեկտեմբերի 16-ին ունեցել է նորակառույց շենք և անվանվել է Արցախյան ազատամարտիկ և բժիշկ Արցախ Բունիաթյանի անունով:

Երբ քաղաք ենք մուտք գործում հարևան շրջաններից մեզ դիմավորում և ճանապարհ է դնում Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որը կառուցվել է 1998 թվականին այստեղ զոհված զինվորների հիշատակին։

Քաղաքի միջով անցնող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մինչև հիմա համարվում է երկու հայկական պետություններն իրար կապող ամենահարմար «երակը»: Իսկ այն ժամանակ ճանապարհը «կյանքի» միջանցք էր Արցախի համար:

Հեղինակ՝ Ջուլիետա Խաչատրյան

Կիսվել