Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

541

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն:
Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաեւ սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլեւ իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում եւ Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչեւ տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչեւ 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաեւ նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

Կիսվել