Այս տարի Կողբ հիմնադրամի 7 ամյակի առթիվ մոտ 5 հեկտար տարածքի վրա կտնկվի 7000 ծառ։ Նախատեսված է , որ ծառերը տնկվելու են հենց Կողբ համայնքի վարչական տարածքում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում:
Միջոցառմանը հրավիրում են մասնակցել հիմնադրամի աջակիցներին, բնության սիրահարներին և բոլոր ցանկացողներին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:
Որոշվել է, որ հավաքագրված ամբողջ գումարը նվիրվելու է Կողբում կառուցվող «Թումո» կենտրոնի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Մասնակիցների համար կլինի լավ հնարավորություն. նրանք օգոստոսից կարող են տարածքի սխեմատիկ քարտեզի վրա առցանց ընտրել ծառատեսակը և նվիրատվություն կատարելով ամրագրել իրենց տնկելիք ծառը։
Եվ արդեն հոկտեմբերին`ծառատունկի օրը, անձամբ կարող են տնկել իրենց անվանական ծառը։ Ծառատունկից հետո էլ հիմնադրամը պատրաստվում է ապահովել տարածքի սպասարկումը։
Հիշեցնենք, որ Թումոյի շինարարությունը սկսվել է դեռևս 2017 թվականին և այն պատրաստվում է սպասարկել ինչպես Կողբ գյուղի, այնպես էլ հարևան գյուղերի ու քաղաքների 1000-ից ավելի պատանիների։