Սուրճի ընկեր` Mann’s Cake. Մանեի «քաղցր» մտահղացումը

Սուրճի ընկեր` Mann’s Cake. Մանեի «քաղցր» մտահղացումը

1714

«Պարտադիր միացնում եմ երաժշտությունը, կապում եմ մազերս, գոգնոցս ու անցնում գործի» ,- պատմում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մանե Մինասյանը, որը կարանտինի ժամանակ իրեն փորձել է հրուշակագործության ասպարեզում և հիմնել է Mann’s Cake թխվածքների օնլայն խանութը։

Մանեն ասում է, որ խոհանոցում շատ հաճախ է լինում, բայց Mann’s Cake-ի ծնունդը շատ պատահական է եղել։
«Հիմնականում սիրում եմ քաղցրավենիք, հետաքրքիր խմորեղեն պատրաստել։ Սերս դեռ մանկուց է եկել, բայց 20 տարվա մեջ ոչ մի անգամ էկլեր չէի պատրաստել, իսկ մորաքույրս շատ լավ է էլկեր պատրաստում»։

Արտակարգ դրության ժամանակ իր բաղադրատոմսով է սկսել պատրաստել, մորաքույրն էլ աշխատանքի էր և օնլայն «հետևում» էր պատրաստելու գործընթացին:

«Երբ վերջացրի, շարեցի, նկարեցի, ուղարկեցի ու նույն պահին մորաքույրս գրեց, որ հանգիստ կարող եմ պատվերներ վերցնել։ Ես էլ կատակով այդ նամակն ուղարկեցի ընկերուհուս, ինքն էլ նույնն ասաց, ու սկսեցի մտածել՝ ինչու ոչ։ Սկսեցի մյուս ընկերներիս հետ քննարկել, բոլորը ոգևորում էին, միայն ամենամեծ քննադատս՝ մայրս, ասում էր որ չարժե․ խելքին մոտ չէ։ Եվ այսպես մի քանի օր մտորումներիցս հետո, երբ արդեն տուփեր էի պատվիրել, լոգո պատրաստել: Բացեցի էջս ու սկսեցի զբաղվել դրա տարածմամբ։ Եվ այսպես էլ ստեղծվեց իմ արդեն 4 ամսական փոքրիկ բիզնեսը»,-պատմում է նա։

Մանեի առաջին պատվիրատուն եղել է իր վարսահարդարը, ով «Ինսթագրամի» շնորհիվ իմացել էր Mann’s Cake-ի մասին և «Մրջնաբույն» պատվիրել։

Մանեն ասում է, որ դժվար չի եղել մասնագիտությունը զուգահեռել հրուշակագործության հետ. եթե որևէ բան սիրով ես անում, դժվարությունները աննկատ վերանում են։
«Լրագրող լինելուս փաստն, իհարկե, օգնում է։ Մի անգամ դասախոսս, հիշում եմ, ասում էր՝ լրագրողներն ավելի հաջողակ են բիզնեսում, քան տնտեսագետները։ Եվ իրոք, մեր կուրսը դրա վկայությունն է. կուրսում շատերս ունենք մեր փոքրիկ բիզնեսը, որոնք քիչ թե շատ հաջողված բրենդներ են»,- ասում է Մանեն։

Լրագրող լինելը օգնում է ապրանքի համար ավելի ճիշտ գովազդ անել, հաղորդակցվելու խնդիր չի ունենում, մարդկանց հետ շփվելու առումով երբեք չի կաշկանդվում։ Մանեն նշում է, որ անընդհատ փորձում է նոր բան ներկայացնել հաճախորդներին, և նրա վերջին նորույթը թխվածքաբլիթները եղան։

«Ֆիրմային տորթեր ունենք, որոնց ոճը շատ են հավանում, բայց ունենք նաև նույն ֆիրմայինը՝ աղացած լիմոնով, դա ամենաշատ պահանջարկ ունեցողն է այս պահին»։

Մանեին ամենաշատը ոգևորում է հաճախորդների գոհ լինելու հանգամանքը, որն աստիճանաբար իրենց դարձնում է մշտական հաճախորդ։

Ասում է, որ չի կարող տարանջատել, թե իրեն ինչն է ավելի հոգեհարազատ՝ լրագրությունը, թե հրուշակագործությունը։
«Լրագրությունը, լրագրող լինելը, իմ հոգեվիճակն է, կարծում եմ՝ հրուշակագործությունն էլ իմ սիրելի զբաղմունքն է։ Չեմ կարող տարանջատել ու հուսով եմ, որ չի գա մի օր, որ նման բարդ ընտրության առաջ կանգնեմ»։

Թխվածքները զարդարելիս, ձևավորելիս Մանեին միշտ ընկերակցում է Ադելը։ «Ադելի «Someone like you» երաժշտության տակ եմ զարդարում բոլոր տորթերս, ու երբ ինչ-որ վայրում լսում եմ այդ երաժշտությունը, ինձ թվում է գոգնոցս մոռացել եմ կապել»,- կատակում է Մանեն։

Ապագայի պլաններից խոսելիս նշեց, որ իր առաջնային նպատակը փոքրիկ թեյարան-սրճարան ունենալն է հայրենի Վեդի քաղաքում։

Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան

Պետրոսյան

Journalist.am_ը շարունակում է իր հոդվածների շարքը, որտեղ պատմում ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողների մասին, որոնք նման հետաքրքիր նախաձեռնություններով աչքի են ընկնում։ Սպասեք մեր նոր պատմություններին այլ նախաձեռնությունների մասին ևս։
Կարող եք կարդալ նաև մեր նախորդ հոդվածները.
Էթնոգյուղ ստեղծողները. Եղիպատրուշ
Մի պտղունց քաղցրություն. Վարդուկի երազանքը

Ճակատագրի թելը. Աննայի անսպասելի մտահղացումը միավորեց լրագրությունն ու մոդելավորումը


Կիսվել