ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ միջազգային փորձը: Այս մասին նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։
Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այդ վարկածը, համաձայն որոնց նույնիսկ մինչև 5 տարեկան երեխաների մոտ վարակման առաջին օրերին վիրուսի ծանրաբեռնվածությունը քթում բավականին բարձր է, և նրանք կարող են տարածել վարակն այնպես, ինչպես մեծահասակները:
Ի թիվս կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացվող մի շարք հակահամաճարակային միջոցառումների, այսօր հարկ է անդրադառնալ նաև դպրոցներում երեխաների դիմակներ կրելու հարցին։ Ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ Հայաստանում ևս որոշում է կայացվել դպրոցներում կրել դիմակ՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։
Ի դեպ, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դիմակները պարտադիր են դպրոցականների համար։ Օրինակ, միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ Գերմանիայում դպրոցների վերաբացումից ընդամենը 2 շաբաթ անց դպրոցականների և ուսուցիչների շրջանում կտրուկ աճել է հիվանդացության ցուցանիշը: Չնայած նրան, որ Բեռլինի դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է եղել, բայց բուն դասապրոցեսի ժամանակ երեխաները դիմակներով չեն եղել, և մասնագետները հիվանդացության աճը կապում են հենց այդ հանգամանքի հետ»,-գրված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ նախարարության պաշտոնական կայքում։