ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։
Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին Գետաշեն, Երանոս, Լուսակունք համայնքներում՝ յուրաքանչյուրում 25 սան։
Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։ Տեղում որոշվեց Վերին Գետաշենի նախակրթարանը համալրել հավելյալ գույքով՝ պայմանավորված առաջիկայում սաների թվի աճով և նոր խմբասենյակի նորոգմամբ։
Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։ Գեղարքունիք կատարած այցի շրջանակում նախարարը հետևել է նաև Մարտունու հիմնական և Սևանի ավագ դպրոցների շինարարության ընթացքին», – ասված է գրառման մեջ։