Մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը. ԱԳ նախարարի հարցազրույցը «Sky...

Մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը. ԱԳ նախարարի հարցազրույցը «Sky News Arabia»-ին

512

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabia» հեռուստաընկերությանը։ Նախարարությունը ներկայացնում է հատված Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից։

Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա: Ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները:
-Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ուղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին:
Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման:

Ամբողջական հարցազրույցը ԱԳՆ պաշտոնական կայքում ։

Կիսվել