«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտարարել է «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի և մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակմամբ՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին: Այն կանցկացվի մի քաղաքում, որտեղ 2015 թ. Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և սոցիալական ձեռներեց ու հանրօգուտ ներդրող Ռուբեն Վարդանյանն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Միջոցառումը կվարեն ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դեյվիդ Իգնաթիուսը և Ջուդի Վուդրուֆը։Միջոցառման ընթացքում կանցկացվի բացառիկ հարցազրույց «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման և լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը: Միջոցառման ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, կհայտարարվեն հատուկ մրցանակներ և դրամաշնորհներ:
«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» տոնակատարությունների շրջանակում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում Լոնդոնում, Մոսկվայում, Երևանում և աշխարհի այլ մայրաքաղաքներում, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Միջոցառումների շարքը կեզրափակվի էկումենիկ արարողությամբ, որը տեղի կունենա Նյու Յորք քաղաքի մայր տաճարներից մեկում 2021 թ. մարտի 10-ին: Այն նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերի հիշատակին և բոլոր նրանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն կարիքավորներին օգնելու գործում: