Թե ինչպես վերածնվեց Ադամը. նվիրական պատմություն

Թե ինչպես վերածնվեց Ադամը. նվիրական պատմություն

1232

3կգ 200գ քաշով ու 50սմ հասակով սպիտակամաշկ, բաց աչքերով Ադամ է լույս աշխարհ եկել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքում։
Այն, որ երեխային անվանակոչելու էին հերոս հորեղբոր անունով, ընտանիքը վաղուց էր որոշել, և լրատվամիջոցները, իմանալուն պես, որ ծնվել է երեխան, առանց ևս մեկ անգամ հարցնելու, անունը հրապարակել են Ադամ։

Լուսանկարը խորհրդանշական է:

Ադամ Սահակյանը եղել է սահմանապահ գումարտակից: 2016 թվականի ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել է դիրքեր, և նույն օրվա գիշերը տեղի է ունեցել հարձակում։

Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։

Ադամ Սահակյանը՝ մայրիկի հետ

«Հուզմունքն ու հպարտությունը մեծ են, անսովոր մի բան է կատարվում։ Թվում է՝ Ադամի գործն ու անունը շարունակողն է ծնվել»,- իր զգացմունքներն է արտահայտում հերոս Ադամի մայրը և նորածին Ադամի տատիկը՝ տիկին Գայանեն։

Փոքրիկ Ադամի մայրիկը՝ Անին, երբ դեռ ամուսնացած չէր, ապրիլյան պատերազմից հետո նկարում է հերոս Ադամին ու իր սրտի խոսքն է գրում թղթի վրա։ Հետո իր աշխատանքը տալիս է Ադամ Սահակյանի անունով ֆեյսբուքյան էջը վարող աղջկան՝ Մանեին՝ խնդրելով փոխանցել Ադամի ընտանիքին։
Հաջորդ անգամ Անին անձամբ է ցանկանում այցելել հերոսի բնակարան ու շուտով դառնում է ընտանիքի լավ ընկերն ու բարեկամը։

Ընտանիքը Ադամի դիրքում
Արցախ տանող ճանապարհին Ադամի խաչի մոտ

Ահա գալիս է մի պահ, երբ Ադամի եղբայր Մուշեղն ու Անին աննկատ սիրահարվում են: Այսպես ստեղծվում է գեղեցիկ ընտանիքը:

Ադամի եղբայր Մուշեղն ու Անին Եռաբլուրում

Իսկ հիմա լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ փոքրիկ Ադամը։
Ի պատիվ հերոսի՝ 10 անծանոթ երեխաների էլ արդեն Ադամ են անվանակոչել:
«Թող բոլոր հայ ընտանիքներում, հատկապես հերոսների ընտանիքներում և՛ աղջիկներ, և՛ տղաներ ծնվեն։ Ու ոչ թե 1-ը, 2-ը, այլ շատ բալիկներ ծնվեն ու ազգը շատանա»,- մեզ հետ զրույցն այսպես եզրափակեց տիկին Գայանեն։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան

Կիսվել