«Իշխանությունից զրկված անձինք այսօր զբաղված են լրատվական դաշտն աղտոտելով ու ապատեղեկատվություն տարածելով»․...

«Իշխանությունից զրկված անձինք այսօր զբաղված են լրատվական դաշտն աղտոտելով ու ապատեղեկատվություն տարածելով»․ Շ. Դոյդոյան

674

Ըստ Տեղեկատվական վեճերի խորհրդի նախագահ Շուշան Դոյդոյանի՝ նկատվում է մամուլի դեմ հարուցված դատական գործերի աճ: Այս պահին տեղեկատվական վեճերի խորհուրդը քննարկում է երկու դեպք: Երկու դեպքն էլ վերաբերում են վիրավորանքին ու զրպարտությանը: «Ունենք մամուլի դեմ բերված դատական գործերի ավելացման դինամիկա։ Դրանցում մեծ թիվ են կազմում քաղաքական գործիչների կողմից հարուցված դատական վեճերը, որոնք հիմնականում այդ գործիչների անհանդուրժողականության արդյունք են իրենց հասցեին հնչած քննադատությունների նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Շ.Դոյդոյանը:

Նրա դիտարկմամբ՝ հաճախ նման վեճերի պատճառ դառնում Է ապատեղեկատվության տարածումը, սակայն դատական գործերում գերակշիռ մաս են կազմում վիրավորանքի և զրպարտության հոդվածներով գործերը: Դոյդոյանի կարծիքով՝ կարևոր է հասկանալ՝ հրապարակվածը վիրավորանք է, թե ոչ. «Այո, հրապարակումը կարող է լինել արատավորող, սակայն հանրային դեմքերի՝ մասնավորապես քաղաքական գործիչների դեպքում պատկերն այլ է. քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ իր անունը վայելում է հանրային հնչեղություն, և ենթադրաբար սպասելի է քննդատություն իր հասցեին»:

Մամուլում տեղեկատվական վեճերի դինամիկայի աճը Շ. Դոյդոյանը պայմանվորում է քաղաքական դաշտի լարվածությամբ ու քաղաքական պայքարով։ «Խնդիրները հատկապես սրվել են հետհեղափոխական Հայաստանում: Իշխանությունից զրկված անձինք այսօր զբաղված են լրատվական դաշտն աղտոտելով ու ապատեղեկատվություն տարածելով: Այսօր բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են շրջանառվում լրատվական դաշտում։ Լրատվամիջոցի պատվիրատուն ոչ թե լսարանն է լինում, այլ այս կամ այն օլիգարխը, քաղաքական ուժը: Այս  պայմաններում լրատվաձողը դառնում է դրանց սեփականությունը, ո՛չ օրինական սեփականությունը»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը:

Նրա դիտարկամաբ՝ խափանվում է լրատվամիջոցի՝ լսարանին տեղեկատվություն փոխանցելու գործառույթը, և լրատվամիջոցը դառնում է սեփականատիրոջ շահերի սպասարկուն։ Լրատվական դաշտը նման խնդիրներից կարող է զերծ մնալ, եթե լրատվամիջոցն  ապահովի ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել