Այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ամփոփելով անցած գիշերը, նշել է, որ թեժ մարտեր չեն եղել, սակայն մարտական որոշակի գործողություններ կան։ Հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն առավոտ լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը: Ըստ էության՝ մարտական գործողությունների ուղղությունները նույնն են: Րոպեներ առաջ ՊԲ-ն հայտնեց, որ խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որը ընկել է Պարսկաստանի տարածք:
«Ընդհանուր առմամբ, գիշերվա և վաղ առավոտվա թեժընթաց մարտերի ընթացքում ունենք հետևյալ պատկերը.
Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերն՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ է շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես՝ զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջին նշվածը, որն ընկել է Իրանի տարածքում, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը կեսգիշերի սահմաններում։ Մարտական գործողությունները շարունակվում են, րոպեներ առաջ ստացա տեղեկություն, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ»,- նշեց Հովհաննիսյանը։