Լրագրողների աշխատանքը Արցախում կրում է լեգիտիմ բնույթ. Արման Թաթոյան

Լրագրողների աշխատանքը Արցախում կրում է լեգիտիմ բնույթ. Արման Թաթոյան

1050

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մարտունիում լրագրողների վիրավորման դեպքին՝ ասելով.
«Ուզում եմ հատուկ նշել, որ ուսումնասիրել եմ այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը, և ընդհանրապես, ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, երբևէ չեմ մեկնաբանել որևէ պետության գերատեսչության հայտարարություն: Բայց քանի որ այս հայտարարությունը վերաբերում է լրագրողներին ու վերաբերում է նաև զինված հարձակումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ»:
Ըստ նրա՝ այդ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններից:
« Ակնհայտ է, որ այդ հայտարարության մեջ, օրինակ, նշվում է, որ այդ արտասահմանցի լրագրողների նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղփոխումը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար, և կոչ է արվում ու խորհուրդ տրվում արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ շրջակա շրջանների այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ նախ կոնֆլիկտային գոտիներում և այն վայրերում, որոնք զինված հարձակման ներքո են և տեղի են ունենում պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է, և հատկապես կարևոր է արտաահմանյան լրագրողնրի, անաչառ լրագրողների աշխատանքը:
«Ավելին, լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, զինված հարձակումների պայմաններում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրադրությունը, որովհետև առհասարակ, լրագրողի աշխատանքի նպատակն է համարվում միջազգայինորեն ի ցույց դնել իրավիճակը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրրել դրա վրա: Խոսքը վերաբերում է արտասահմանյան լրագրողներին: Այս պարագայում խոսքը գնում է ընդհանրապես արտասահմանյան անկախ լրագրողների մասին: Այսինքն, այն լրագրողները, ովքեր այսօր վիրավորումներ էին ստացել, ոչ թե ՀՀ պետական մարմինների աշխատակիցներ էին կամ կոնկրետ դեպքում Ֆրանսիայի պետական մարմինների աշխատակիցներ էին, այլ անկախ լրագրողներ էին և բնականաբար նրանց նպատակն էր ցույց տալ իրական վիճակը»,- ընդգծեց Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ լրագրողների անվտանգությունը պետք է պարտադիր ապահովվի, բայց դա ոչ թե պետք է ապահովվի այն կոչով, որ լրագրողներին չթողնել այդ վայր, այլ ընդհակառակը, լրագրողների անվտանգությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արդեն իսկ ապահովված է, որովհետև լրագրողը հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին և հետևաբար, լրագրողի մուտքը կոնֆլիկտային գոտու կոնկրետ վայր արդեն ինքն իրենով հիմք է ավտոմատ կերպով, որպեսզի ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքն այդ վայրում: Սա է կարևոր միջոցը, ոչ թե լրագրողին թույլ չտալ, որ այցելի այդ վայր:
« Մենք ուսումնասիրել ենք և նաև Ադրբեջանի լրատվամիջոցներից տեղյակ եմ, որ Ադրբեջանում չի թույլատրվում միջազգային լրագրողներին աշխատել: Այ սա է հենց խախտումը, որ միջազգային լրագրողները, արտասահմանյան լրագրողները հնարավորություն չեն ունենում այցելելու այդ վայրեր, իսկ եթե օրինակ, Արցախը թույլատրում է իրականացնել լրագրողների կողմից լուսաբանումներ, ակնհայտ չէ՞, որ առաջին հերթին այստեղ մենք ենք շահագրգռված կամ Արցախում են շահագրգռված, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն»,- ասաց Արման Թաթոյանը:
Դրանից բացի՝ նա նշեց որ կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, առավել ևս այս պարագայում, լրագրողները եղել են հատուկ տարբերանշանով, եղել են ոչ զինվորական՝ քաղաքացիական մեքենաներով, ավելին, Մարտունի քաղաքում զինված հարձակումը եղել էր քաղաքապետարանի վրա, և այնտեղ էին լրագրողները, որ ստացել էին վիրավորումներ: Ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է:
«Ուզում եմ նշել նաև, որ ես ունեմ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից ինձ ուղղված պաշտոնական նամակ, որը ժամանակին ես ստացել էի լրագրողներից մեկի այցի կապակցությամբ, և այդտեղ ուղիղ գրված է, որ լրագրողների աշխատանքը Արցախում կրում է լեգիտիմ բնույթ: Ավելին, դա նպատակ ունի պաշտպանել կամ ավելացնել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները»,- ասաց Արման Թաթոյանը:

Կիսվել