Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասել է, որ ադրբեջանական թիրախում են հայտնվել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
«Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայերը և ենթակառուցվածքները: Այսօր նրանց թիրախում հայտնվել են հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև նրանք ունեցել են հատուկ տարբերանշանով հագուստներ: Ֆրանսիական Լը Մոնդ պարբերականի երկու լրագրողները վիրահատվել են և տեղափոխվում են Երևան: Վիրավոր են նաև հայաստանյան լրատվամիջոցների երկու ներկայացուցիչ»,- նշել է Աննա Նաղդալյանը:
Նա շեշտել է, որ քաղաքացիական բնակավայրերի և լրագրողների թիրախավորումը համարվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Ապա Նաղդալյանը խոսել է Թուրքիայի միջամտության մասին։
«Երեկ ՊՆ-ի կողմից տվյալներ են տրվել թուրքական միջամտության մասին: Տեղեկություններ կան, որ բոլոր ադրբեջանական ԱԹՍ-ները կիրառվում և ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից Էրզրումի և Կարսի հրամանատարական կետերից»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նաղդալյանը նշել է , որ Թուրքիայի այս գործողությունները լրջորեն խոչընդոտում են միջազգային կառույցների՝ պատերազմական գործողություններըդադարեցնելու ջանքերը։
«Թուրքիայի կողմից սիրիացի և լիբիացի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան կունենա կործանարար հետևանքներ: Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը կդառնա ջիհադական ու ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: