Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ...

Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել. Արծրուն Հովհաննիսյան

591

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ինչպես նշել էր, այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը նախևառաջ սկսեցին Արցախի բնակավայրերի մասսայական հրթիռակոծությունը, և համապատասխան կադրերը ցուցադրվել են:
Նա նշեց, որ այնտեղ աշխատում են նաև միջազգային լրատվամիջոցները, որոնք, թեև շատ հաճախ իրենց կյանքը ևս վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ իրականությունը:
«Արցախի ՊԲ-ի զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս ադրբեջանական նման գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը և բացառապես աշխատելով կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն մեղադրանքները, որ ուղղված են հայկական կողմին, ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակման փորձի ընթացքում հակառակորդը կիրառել է մեծաթիվ ուժեր, զրզհատեխնիկա և այլն:
«Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու և այլ «ապացույցներով», բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ հաջողությունները, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ: Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ, գրագետ խուսավարումներով, գործողություններով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել: Այսօրվա մարտերի ընթացքում միայն հարավային ուղղությամբ մոտավորապես 200 և ավել զոհ է տվել հակառակորդը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նաև նշեց, որ այս պահին, ցավոք, չի կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ հակառակորդի ԶՈՒ-երի կորուստների մասին, որովհետև դեռ երկար ժամանակ մարտերն ընթանում էին: Վաղվա ամփոփման ժամանակ երկու օրվանը կներկայացվի:

Կիսվել