Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը:
Մեդիամաքսի փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է РТР հեռուստաընկերության «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում:
«Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի և ավելի քան 2 միլիոն հայ: Ռուսաստանի հսկայական թվով քաղաքացիներ սերտ բարեկամական եւ նույնիսկ ընտանեկան կապեր են պահպանում երկու հանրապետությունների հետ: Մարդկանց մահը, երկու կողմերի ծանր կորուստները հսկայական ողբերգություն է», – ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այս պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», – ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և Հայաստանի ղեկավարությունը որեւէ հարց չունի Ռուսաստանի՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: