Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ միայն քաղաքական հայտարարության տեսքով. Արծրուն Հովհաննիսյան

Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ միայն քաղաքական հայտարարության տեսքով. Արծրուն Հովհաննիսյան

880

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել:
«Մոտավորապես 3 համահավաք լավ սպառազինված բրիգադների կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ողջ խումբը: Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ՝ մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են: Այդ հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի օգտվում են Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք կոչ արեցինք իրանական կողմին հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետը անցնել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ լրագրողի հարցին, թե արդյոք Իրանից կա արձագանք, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Այո, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ միայն քաղաքական հայտարարության տեսքով»:
Նա նաև նշեց, որ օրվա ընթացքում եղել են նաև այլ դիպուկ հարվածներ, տեսանյութը հրապարակվեց րոպեներ առաջ, որտեղ երևում է, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա:
«Եվ տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ ըստ էության, ոչնչացել են մոտավոր 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքի բազային հարակից տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հյուսիսային ուղղությամբ ևս ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում, հայտարարվեց կոնկրետ դիրքային շեշտակի բարելավումների մասին: Ընդհանուր առմամբ, ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են, այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական ԶՈւ-երը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին:
«Մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ռազմաճակատներում: Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ միջոցներ և ուժեր է կիրառում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել