Պատերազմը սահմանից ծանր քայլերով հասավ խաղաղ բնակչությանը։ Ինչպես արդեն գիտենք, Արցախի բնակավայրերից զատ թիրախավորվել էր նաև Վարդենիսը։ Այսօր զրուցեցինք Ակունք գյուղի բնակչուհի Լիլիթ Զալիբեկյանի հետ։
–Լիլի՛թ, ինչպիսի՞ն էր տրամադրությունը գնդակների ձայների ներքո։
-Դե, կար լարվածություն, ինչպես բոլորի մոտ, բայց մեր հոգին անպարտ է, և ոչ մի գնդակի ձայն մեզ չի վախեցնելու։
–Երբ տեղեկացաք, որ պայթել է ավտոբուսը, այնուհետև ԱԹՍ–ի հերթական հարվածից մարդ է մահացել, չմտածեցի՞ք քաղաքը լքելու մասին։
-Իհարկե, երբ լսում ես այդ ամենը, լարվածությունը մեծանում է, բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմ է, և ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերվում է փախուստին, ես երբևէ այդ մասին չեմ մտածել և չեմ մտածելու։ Մեր արյունը սահմանին կանգնած զինվորի արյունից կարմիր չէ, և եթե պետք լինի, պատրաստ եմ զենքը վերցնել և հանուն իմ գյուղի, իմ ծննդավայրի կռիվ տալ՝ առանց մի վայրկյան փախուստի մասին մտածելու։
–Ի՞նչ տրամադրություն է հիմա գյուղում։
-Իհարկե, մարդիկ հոգով և մտքով սահմանին են՝ մեր զինվորների կողքին, բայց միևնույն ժամանակ սկսվել է բերքահավաքը։ Գյուղը եռուզեռի մեջ է։ Բոլորի հողամասերից հայրենասիրական երգեր են լսվում։ Կարելի է ասել՝ մարտական տրամադրությամբ հարձակվել ենք նախ բերքի վրա, իսկ հետո հարձակումը կշարունակենք սահմանին։
–Հաղթանակի սպասելիս ձեր կարգախոսը ո՞րն է։
-Ես մտածում եմ, որ ամեն ինչ սկսվում է սահմանից, և մենք պետք է կանգնենք մեր զինվորների թիկունքին։ Հակառակ դեպքում, եթե թողնենք մեր գյուղը և փախչենք՝ միայն մեր մասին մտածելով, դա կլինի հենց սեփական անձի հանդեպ գործած ամենաստոր քայլը։ Իսկ այդ քայլը հետագայում կդաստիարակի նոր սերունդ՝ վախկոտ, որ իր կյանքում ոչ մի հաջողության չի հասնի։
Լուսինե Ալեքսանյան
2-րդ կուրս