Դա մեր հոգու պարտքն է․ հերոսի մայր

Դա մեր հոգու պարտքն է․ հերոսի մայր

938

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ծնողներն առաջնագծում կանգնած տղաների կողքին են: ՀՀ «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, հետաքրքրվել է՝ որտեղ կարող է իր ներդրումն ունենալ որպես կամավոր՝ այդպիսով օգտակար լինելով հայոց բանակին. «Գեղակերտի դպրոցի ուսմասվարի՝ Անուշ Համբարձումյանի հետ խոսելիս իմացա, որ անհարժեշտ է կամավորների թիմ՝ մեծաքանակ հումքից քնապարկեր կարելու համար: Ինձ առաջարկեց օգնել իրեն»: Ինքն էլ հայտնել է իր պատրաստակամությունը և վստահեցրել՝ թիմը կհավաքվի: Հերոսածին մայրը իր շրջապատի մարդկանց տեղեկացրել է նախաձեռնության մասին։ «Բոլորը մեկ մարդու նման պատրաստակամ եղան. անհամբեր սպասում էին՝ երբ պետք է ստանայինք հումքն ու սկսեինք աշխատել»,- ասաց նա:

Քնապարկերի հումքը տրամադրել է «Սանդեքս» ընկերությունը, որը համագործակցում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Անհրաժեշտ ապրանքը ստանալուց հետո դրանք բաշխվել են Էջմիածնի գյուղերում. «Աշխատանքը չենք կենտրոնացրել մի տեղում. այն եղել է թե՛ Ոսկեհատում, թե՛ Արտիմետում, թե՛ Գեղակերտում, որտեղ կամավորական աշխատանքին միացել են տնային տնտեսուհիներից մինչև պետական հիմնարկների աշխատողները: Մարդիկ կարել են նույնիսկ աշխատանքից հետո՝ մինչև ուշ երեկո»: Չորս օրում տասը հոգանոց կամավորական խումբը կարել է մոտ հարյուր քնապարկ: «Քնապարկեր կարող յուրաքանչյուր մայր, կին դրա հետ ուղարկում է իր մայրական օրհնանքը»,- հավատացրեց հերոսածին մայրը: Քնապարկերը ուղարկել են «Սանդեքս» ընկերություն, որն էլ  ավելացրել է իր արտադրամասի կողմից կարվածները և ուղարկել Արցախ: «Հումքը գալիս է Գերմանիայից: Հիմա սպասում ենք դրան, որպեսզի շարունակենք կարել: Միգուցե արդեն սկսենք կարել ոչ թե քնապարեր, այլև վրաններ»,-նշեց Լիլիթ Ավագյանը:

Մինչև այս նախաձեռնությունը, Լիլիթը Արմավիրի մարզի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ծնողներին առաջարկել է իրենց լուման ներդնել հայոց բանակին օգնելու գործում. «Տեղեկացա, որ մի արտադրամասում կա քնապարկեր և սավաններ կարելու նախաձեռնություն, որն ունի ֆինանսական աջակցության կարիք: Հավաքեցինք գումարը (մեզ միացան նաև երկու ծնող Մասիսից) և փոխանցեցինք արտադրամասին: Դա մեր հոգու պարտքն է, և ավելին, պարտավոր ենք մեր զոհված տղաների հիշատակի առաջ»,- եզրափակեց հերոսածին մայրը:

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել