Արցախյան պատերազմին միջազգային արձագանքը. աստղեր

Արցախյան պատերազմին միջազգային արձագանքը. աստղեր

1026

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ահաբեկչական  պատերազմը անտարբեր չի թողել ոչ միայն միջազգային մամուլին ու կազմակերպություններին, այլ նաև հայտնի աստղերին: Այս օրերին մի շարք արտասահմանցի աստղեր (ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ աստղեր) իրենց մտահոգությունն են հայտնել պատերազմի շուրջ: Նրանք սոցցանցերի իրենց պաշտոնական էջերում կատարել են հրապարակումներ, որոնցով աջակցություն են ցուցաբերել հայերին: Ստորև ներկայացնում ենք պատերազմին անդրադարձած այն հայտնիներին, ովքեր սատարել են Հայաստանին ու Արցախին:

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում կոչ է արել ամերիկյան հասարակությանը հորդորել Կոնգրեսին և Սպիտակ տանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ: Հեռուստաաստղը քննադատել է նաև Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում՝ Անկարային մեղադրելով ադրբեջանցիներին զորք և զինամթերք մատակարարելու համար:
Նշենք նաև, որ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև տեսաուղերձով կոչ արել երկրպագուներին նվիրատվություն կատարել հիմնադրամին:

Քարդաշյանի կոչերին են միացել նաև Քլոե Քարդաշյանը, Ռոբերտ Քարդաշյանն ու Սերժ Թանկյանը: Նշենք նաև, որ Սերժ Թանկյանը իր ինստագրամյան էջում պարբերաբար կատարում է գրառումներ՝ աջակցելով հայկական կողմին, ինչպես նաև նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և իր հետևորդներին նվիրատվություն անելու կոչ արել:

Հայ-ադրբեջանական պատերազմի մասին իր պաշտոնական ինստագրամյան էջում գրառում է կատարել նաև հայ-ամերիկական ռոք խումբ SOAD-ը.

«Աշխարհը աչք փակեց ՝
· 1915թ-ի Հայոց ցեղասպանության
· 1980-90-ականների զանգվածային սպանությունների և ջարդերի

· 2016-ին Ադրբեջանի Հայաստան ներխուժման վրա

Այժմ աշխարհը աչք է փակում դեպի ծով ելք չունեցող 150,000 խաղաղ բնակիչների վրա, որոնք ենթարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը:

#ArtsakhStrong »

Ռեփեր Cardi B-ն ինստագրամի իր էջում սթորիների մեջ հրապարակել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառման մասին ինֆորմացիան, որը պատրաստվում էր եթեր հեռարձակվել Հարավային Կալիֆորնիայում:

5

Սակայն ադրբեջանցի և թուրք օգտատերը կոշտ արձագանքեցին նրա հրապարակմանը: Նրանք անգամ սկսեցին տարածել #CardiBSupportsTerrorism հեշթեգը: Թուրք-ադրբեջանական ճնշումների հետևանքով ռեփերն իր թվիթերյան էջում կատարեց գրառում, որում ներողություն խնդրեց՝ Հայաստանի համար հեռուստատեսային վիրտուալ դրամահավաքը խթանելու համար և խաղաղություն մաղթեց հակամարտող երկու կողմերին:

Այդպիսի մի «հակահրապարակումով» էր հանդես եկել նաև բրիտանացի հանրահայտ  երգիչ Էլթոն Ջոնը: Նա հոկտեմբերի 6-ին ինստագրամյան իր էջում տեղադրել էլ կարմիր բլոկ և գրել.
«Ես այսօր միանում եմ մյուսներին՝ տեղադրելով կարմիր բլոկ, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար (#PeaceForArmenians)։
2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և պարուրվել էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ:
Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական/թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակմանը: Քաղաքացիական անձինք են թիրախավորվում և երկու կողմերից էլ անտեղի զոհեր կան:
Հայերը գեղեցիկ մարդիկ են, տարիների պատմական հալածանքներից հետո նրանք արժանի են կայուն խաղաղության»:

Բրիտանացի երգչի այս հրապարակումից հետո կրկին սկսվում են ադրբեջանցի և թուրք օգտատերերի դժգոհություններն ու մեղադրանքները: Հոկտեմբերի 6-ին երգիչн իր էջից ջնջում է հրապարակումը և կատարում նոր «հակահրապարակում»:
«Ես խորապես վրդովվել էի` տեսնելով, որ երկար տարիներ անց տարածաշրջանում ռազմական բախում է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ես անձամբ այցելել եմ այս երկու երկրները և ինձ շատ ջերմ են ընդունել: Կործանարար է այն, որ երկու կողմերից էլ շատ կյանքեր են զոհվել: Սիրտս կոտրվում է տուժած ընտանիքների համար: Ես աղոթում եմ երկու երկրների նկատմամբ բռնությունները դադարեցնելու համար»,- գրել է Էլթոն Ջոնը:

2

UFC- ի բռնցքամարտի և WWE-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին, ով ինստագրամում ունի 13.1 միլիոն հետևորդ, հրապարակել է Արցախի դրոշը՝ կոչ անելով իր հետևորդներին արտահայտել վրդովմունք Թուրքիայի կողմից օժանդակություն ստացող Ադրբեջանի հարձակումներին և դիմել իրենց երկրների նախագահներին՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները:

7

MMA մարտիկ լինելու ընթացքում Ռոուզիին մարզում էր հայ մարզիչ, Գլենդելի մարտական ակումբի հիմնադիր Էդմոնդ Թարվերդյանը: Նա նաև այցելել էր Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանին և Արցախին աջակցող աստղերը շատ են: Նրանք ոչ միայն հրապարակումներ են անում սոցցանցերի իրենց էջերում, այլ նաև մասնակցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին և իրենց հետևորդներին կոչ անում աջակցել Հայաստանին:

Գոհար Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել