Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունենք 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, կան...

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունենք 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, կան անհայտ կորածներ. ԱՀ ՄԻՊ

456

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց վերջին օրերի դիտարկումներն ու փաստահավաք խմբի աշխատանքը:

«Առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, որոնցից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Մեր նախնական վերլուծությամբ 10․500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա»,-հայտնեց Արտակ Բեգլարյանը։

ԱՀ ՄԻՊ-ը նաև անդրադարձավ Հադրութի երկու քաղաքացիական անձանց սպանությանը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում։

«Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից։ Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ընդգծեց նա։

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում։

«Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ։
Երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։ Բարեբախտաբար, վիրավորներ, զոհեր չեն արձանագրվել, բայց նյութական շատ վնասներ են արձանագրվել»
,-նշեց ԱՀ ՄԻՊ-ը։

Կիսվել