Նկար՝ զենքի փոխարեն

Նկար՝ զենքի փոխարեն

1564

«Նկար չե՞ք ուզի» ։ Հենց այս համեստ հարցադրումով՝ Նոր Հաճն քաղաքի խանութներից մեկի դիմաց դպրոցահասակ երեխաները փորձում են հաճախորդ գրավել։ Վաճառում են իրենց ձեռքով նկարած աշխատանքները, նպատակը՝ զինվորին օգնելն է ։ Ամեն ինչ սկսվեց  6 տարեկան տղայից, ով ընկույզ էր վաճառում զինվորներին օգնելու համար։ Անգելինան ու Սաթինեն, ովքեր նկարչական դպրոցի սաներ են, հեռուստացույցով տեսնելով տղային՝ ոգեշնչվեցին և հենց նույն օրը՝ կեսօրին, գործի անցան։ Տասնամյա Սաթինեի խոսքով՝ առաջին փոխանցված գումարը 16․000դրամ էր։

«Ասեցի Անգել, եթե այս տղան կարողանում է պոպոկ վաճառել, մենք ինչո՞ւ չենք կարող մեր նկարները վաճառել։ Շաբաթ, կիրակի վաճառեցինք, իսկ երկուշաբթի օրը տատիկիս հետ գնացինք բանկ և գումարը փոխանցեցինք հիմնադրամին»։

Սաթինեի քույրը՝ Անգելինան, պատմում է, որ անցորդները գումար են տալիս, իսկ նկարները չեն վերցնում, բայց շատ համոզելու դեպքում էլ վերցնում են հենց իրենց ամենասիրելի նկարը։

«Նկարել էի Երևանի հրապարակը։ Այդ նկարով մասնակցել էի մրցույթի, ինչպես նաև առաջին նկարս էր, որը ներկայացրել էի ցուցահանդեսի։ Իմ սիրելի նկարը վաճառեցի 1000 դրամով»։

Ցուցադրված նկարներից մեկի վրա երկու տանկ էր պատկերված, որոնց միջից գլուխները դուրս հանած երկու  զինվոր գինու գավաթներն իրար էին մոտեցնում․ ասես տոնում էին հաղթանակը։ Այս թեմատիկ նկարի հեղինակը քույրերի ընկերուհին է՝ Էլենը, ով համեստաբար ուղղեց ակնոցն ու անկեղծացավ, որ իր սիրելի նկարը ևս գնել են։

Երեխաներից ամենաակտիվը յոթնամյա Նարեկ Սարգյանն էր, ով թեև չուներ ցուցադրված նկարներ, ոգևորված  ներկայացնում էր  քույրերի աշխատանքները։ Նարեկի ամենասիրելի նկարում գունավոր ձկներ էին պատկերված։ Մեծ քույրիկի՝ Ռոզայի աշխատանքն է, որի վրա քույրը շատ ժամանակ է ծախսել։

Մինչ աղջիկներն առանց իրար հերթ տալու բանկի կտրոններն էին ցույց տալիս, Նարեկը, դուրս գալով փողոց, կանգնեցրեց անցնող մեքենաներից մեկն ու նկար առաջարկեց՝ պարզաբանելով, թե ինչու են նկարներն այդ գնով վաճառում։

Ով գումար էր տալիս, երեխաները մի քանի անգամ շնորհակալություն էին հայտնում։ Իսկ Նարեկը շատ վճռական ասում էր, որ զինվորական է դառնալու։

«Գնալու եմ սահման, որ մեր հայրենիքը պաշտպանեմ ու փրկեմ բոլորին»։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել