Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց մարտերը՝ դիվերսիոն խմբերի...

Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

684

Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։

«Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։
Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»
,-ընդգծեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։

«Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։
Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ի մի ստորաբաժանումը մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը ձորերը»
,-նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը ասաց նաև, որ այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։

Կիսվել