«Նրանց իմ մտքերից բերեցի մեր աշխարհ». տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյան

«Նրանց իմ մտքերից բերեցի մեր աշխարհ». տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյան

1097

Տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյանն ու իր աշակերտները դասերի շրջանակներում ստեղծում են տարբեր կերպարներ։ Զինվոր տիկնիկներ էլ են պատրաստել. հատկապես, երբ տղա աշակերտներ էին ունենում: Իսկ այս օրերին, աղջիկ աշակերտներն էլ են զինվորների կերպարով տիկնիկներ ստեղծելու ցանկություն հայտնում. «Փոքրիկների այս միտքը միանշանակ ողջունելի է, կարծում եմ, որ նման տիկնիկներ ստեղծելը մեզ մոտ կդառնա ավանդույթ»,-ասում է տիկնիկագործը:

Էլմիրան տիկնիկագործությամբ զբաղվում է շուրջ 10 տարի: Սկսել է այն ժամանակ, երբ տարիներ շարունակ կուտակած էմոցիաները սկսեցին աղմկել, գորգոռալ, թակել սրտի դուռը: Դրանք իր հույզերն ու մտքերն են, իր մեջ թաքնված տխրությունն ու ուրախությունը, և տիկնիկները եկան արտահայտելու իր ներաշխարհի լուռ ու լուսավոր կողմերը. «Առաջին տիկնիկը ստեղծել եմ համալսարանում, երբ սովորում էի հագուստի մոդելավորման ֆակուլտետում: Այն փոքրիկ գործվածքից արջուկ էր, որը շատ շուտ դուրս մնաց իմ ուշադրությունից, քանի որ այլ հետաքրքրություններ ունեի արվեստում»,-պատմում է նա:

Երբ սկսել է կարի արտադրամասում աշխատել, ստեղծել է մի նապաստակ: Հետագայում մտքում հաճախ էին ծնվում տիկնիկներ՝ իրենց բազմերանգ մազերով, խոշոր ու վառ աչքերով: Եվ մի օր էլ սկսել է նրանց իր մտքերից բերել մեր աշխարհ: Տարիների ընթացքում սկսել է լրջորեն զբաղվել այդ մասնագիտությամբ։ Այն դարձավ իր մեծ աշխարհը, իր զգացածն ու մտածածն արտահայտելու ձև. «Այժմ քույրիկիս՝ Անիի հետ միասին հիմնել ենք արվեստի կենտրոն՝ «Էլոիզ արտ ստուդիան», որտեղ դասավանդում ենք տիկնիկագործություն, մաքրամե, ուլունքագործություն և ասեղնագործություն: Աննկարագրելի հաճույք է փոքրիկների հետ միասին ստեղծագործելը, օգնել, ոգևորել նրանց»,- ասում է Էլմիրան:

«Այդ անվանումն ինձ տվել է եղբորս կինը, նա ինձ տանն այդպես էր անվանում: Քանի որ ինձ անչափ դուր էր գալիս այդ դիմելաձևը, ենթադրեցի, որ տիկնիկներին նույնպես դուր կգա «Էլոիզ» անվանումը, որովհետև  նրանք իմ մի մասնիկն են»,-պատմում է Էլմիրան:

Գրականությունից առանձնացնում է «Կամելիազարդ տիկինը» վիպակի հերոսուհուն, այն տպավորվել էր իր մեջ և տիկնիկներ ստեղծելիս փորձում է արտահայտել նրա կանացիությունը, նրբությունը: Հիմա ավելի շատ երեխաների հետ դասերի ժամանակ են տիկնիկներ ստեղծում,այդ պատճառով նրանք ավելի մանկական են. «Շատ տիկնիկներ էլ ստեղծված են տարբեր հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների կերպարներով: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հագուստի մոդելավորմանը, խրախուսում ենք, որպեսզի երեխաներն ունենան իրենց ուրույն ձեռագիրը»,-ասում է նա:

Էլմիրայի խոսքով ՝ տիկնիկների պատրաստման ընթացքը կախված է իր տրամադրությունից: Եթե կերպարն իրեն հետաքրքիր է, կարող է կարճ ժամանակահատվածում պատրաստել այն, հատկապես երբ դա պատվեր չէ և լիովին ազատ է ստեղծագործելու համար. «Պատվերի դեպքում տիկնիկ ստեղծելը պարտավորեցնող է, և սահմանափակում է ստեղծագործողին: Դա բավականին ժամանակատար է, որովհետև մանրակրկիտ աշխատում ենք յուրաքանչյուր դետալի վրա, այն շատ նուրբ աշխատանք է»,-պատմում է տիկնիկագործը:

Դասերին զուգահեռ ունեին հաղորդաշար, որի շրջանակներում պատրաստում էին արվեստի տարբեր ոլորտների մարդկանց կերպարով տիկնիկներ և նվիրում էին նրանց: Հուսով է, որ համավարակը հաղթահարելուց հետո հաղորդաշարը կվերսկսեն. «Ունենալու ենք ցուցահանդես,որտեղ ներկայացվելու է միևնույն մոդելավորմամբ մանկական և մեծահասակների զգեստներ, իրենց բնորոշող տիկնիկներով: Հագուստները ձևավորված են ասեղնագործության, մաքրամեի էլեմենտներով»,-ասում է Էլմիրան:

Էլմիրան և իր քույրիկը՝  Անի Խաչատրյանը, այս պահին  զինվորների համար վերմակներ ու ներքնակներ են կարում: Մինչ այդ գուլպաներ էին գործում, վերմակները, կարելի է ասել, նոր են սկսել. «Մեկ շաբաթ է, ինչ զբաղվում ենք դրանով, հիմա բրդի խնդիր կա, կարգավորենք, նորից կշարունակենք»,-ամփոփեց նա:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել