Ժամանակավոր կարգելվի թուրքական ծագման ապրանքներ ներկրել Հայաստան

Ժամանակավոր կարգելվի թուրքական ծագման ապրանքներ ներկրել Հայաստան

658

Թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա ժամանակավոր արգելք է դրվել։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշման համաձայն՝ արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Սույն հարցի հետ կապված զրուցել ենք տնտեսագետ Լուսինե Կուրղինյանի հետ:

-Արդյո՞ք կա այն շուկան, որից ներկրելով՝ կխուսափենք շատ վնասներից:

-Սկզբում պետք է հասկանալ, որ արգելքը դրվում է միայն վերջնական սպառման ապրանքների վրա, իսկ միջանկյալ ապրանքների, այսինքն հումքի համար դեռևս որոշում ընդունված չէ:

Թուրքական ապրանքները, այլ երկրների ապրանքային տեսականուց առանձնանում են իրենց որակով և ցածր գնով, այդ պատճառով է, որ դրանք մեծ տեսակարար կշիռ ունեն հայաստանյան շուկայում: Այս դեպքում որոշակի ժամանակահատված կպահանջվի, որպեսզի այն տնտեսվարողները, ովքեր ներմուծում են միայն թուրքական ապրանքներ, կարողանան կողմնորոշվել դեպի այլ շուկաներ: Եվ չնայած նրան, որ թուրքական ապրանքները թե՛ որակապես և թե՛ ցածր գնային առումով լավագույն տարբերակն են հայ տնտեսվարողների համար, ամեն դեպքում դրանք անփոխարինելի չեն, և կան այլընտանքային շուկաներ: Այդ այլընտրանքային շուկաների թվում են Չինաստանը, Իրանը և Հարավ-արևելյան Ասիայի երկրները, ԵԱՏՄ երկրների շուկաները, որոնցից թուրքականին ավելի համադրելի է ռուսաստանյան շուկան: Այս երկրների ապրանքները ոչնչով չեն զիջում թուրքականին, և այստեղ միակ խնդիրը տնտեսվարողների վերադասավորման խնդիրն է, ինչը, կարծում եմ, պետական աջակցության շնորհիվ, որոշակի ժամանակում կլուծվի արդյունավետ եղանակով:

-Իրավիճակը երկարատև գործընթաց է ենթադրում, ե՞րբ հայաստանյան շուկան մասնակի կազատվի Թուրքիայից ներկրված ապրանքներից։

-Թուրքական ապրանքների էմբարգոն ՀՀ-ում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամսով: Դեկտեբերի 31-ը բավականին խելամիտ ժամկետ է և մինչ այդ հայ տնտեսվարողները կհասցնեն կարգավորել իրենց գործունեությունը:

Ի դեպ, որոշումը կայացվում է 6 ամսով, քանի որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և այս կարգավորումները կայացվում են ԵԱՏՄ երկրների հետ միասնական ձևով և, ըստ այդմ, հետագա ընթացքը արդեն կախված կլինի ԵԱՏՄ կայացրած որոշումներից:

Ինչ վերաբերում է հայկական շուկան թուրքական ապրանքներից ազատմանը, ներկայում արդեն իսկ նկատվում է թուրքական ապրանքների որոշակի գնանկում, զեղչեր, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ներմուծված ապրանքների արագ սպառման համար: Չնայած նրան, որ մենք այսօր գիտակցում ենք, որ գնելով թուրքական ապրանք՝ օգուտ ենք տալիս թուրքական տնտեսությանը, ինչը վատագույն սցենարով անդրադառնում է մեր դեմ, ամեն դեպքում սպառողը միշտ էլ շահագրգռված է քիչ ծախսերով հասնել առավելագույն արդյունքի, ինչը կբերի նրան, որ թուրքական ապրանքները ոչ շատ երկար ժամանակում կսպառվեն:

Հայկական շուկան թուրքական ապրանքներից ավելի արագ ազատմանը կօգնի նաև այն, որ արգելքը դրված է ոչ թե միայն Թուրքիայից ներմուծված ապրանքների վրա, այլ թուրքական ծագման ապրանքների վրա: Այսինքն չի կարող թուրքական ապրանքը հասնել այլ երկրի շուկա և այլ երկրի շուկայից ներկրվել Հայաստան:

-Այս պահին անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ տնտեսվարողը սպառի արդեն իսկ ներկրված ապրանքը։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Այսօր ես սխալ եմ համարում այն տեսակետը, որ չպետք է գնվեն հայկական շուկայում առկա թուրքական ապրանքները, քանզի դրանց համար տնտեսվարողը արդեն իսկ իր օգուտը տվել է թուրքական տնտեսությանը, և նման քայլով մենք միայն վնասում ենք մեր իսկ տնտեսությանը և տնտեսվարողներին: Այդ պատճառով, այսօր պետք է օգնել տնտեսվարողին և գնել ներկրված ապրանքը, որով ավելի կարագացնենք հայկական շուկայից թուրքական ապրանքների հեռացման պրոցեսը:

-Սա մեծ շանս է տեղի արտադրողների համար, բայց կանխատեսելի է, որ արտադրողները կբարձրացնեն ապրանքի գինը միջին շուկայական գնից։ Ի՞նչ վտանգ կարող է ունենալ այս ամենը։

Նախ, բնականաբար, հնարավոր չէ կարճ ժակետներում թուրքական ապրանքները ամբողջովին փոխարինել տեղականով, և դրանով պայմանավորված, իհարկե, կառաջանա գնաճ հայկական ապրանքների շրջանում: Սակայն, ինչպես նշեցի, կան թուրքական շուկային փոխարինող այլընտրանքաին շուկաներ, որոնցից խելամիտ ժամկետներում ներմուծման կազմակերպման դեպքում՝ մենք այս խնդիրը չենք ունենա, կամ կունենանք՝ սակայն չնչին ազդեցությամբ:

Հովսեփյան Հայկանուշ

2-րդ կուրս

Կիսվել