«Պիտի ավելի ճիշտ ու պատվով ապրենք, որովհետև ապրելու ենք մի քանի կյանքերի...

«Պիտի ավելի ճիշտ ու պատվով ապրենք, որովհետև ապրելու ենք մի քանի կյանքերի փոխարեն ևս»

778

Սեպտեմբերի  27-ից սկսված ու դժբախտաբար մինչ օրս շարունակվող չարաբաստիկ պատերազմը կիսատ է թողնում բազմաթիվ կյանքեր: Մեր հայորդիները աննկուն կանգնած պահում են հայրենի երկրի սահմանները: Նրանցից շատերը անմահացան հանուն վաղվա կյանքերի, շատերը կորցրել են նվիրական ընկերներ, մի մասն էլ սպասում է իր ապաքինմանը, որպեսզի վերադառնա ու միանա կռվող ընկերներին: Վերջիններիս թվին է պատկանում ավագ լեյտենանտ Վիգեն Ավագիմյանը, ով պատերազմի առաջին օրերից կանգնած էր զինակից ընկերների կողքին:

-Տարիներ շարունակ լինելով զինվորական ծառայության ոլորտում` երբևէ պատկերացրե՞լ եք, որ մասնակից կլինեք պատերազմի, ինչպե՞ս արձագանքեցիք այն լուրին, որ պատերազմ է սկսվել:

-Ցավոք սրտի, մեզ մոտ միշտ պատերազմի վտանգը եղել է, ու մենք միշտ էլ պատրաստ ենք եղել լսելու այդ լուրը, իսկ երբ արդեն հստակ իմացա, որ պատերազմ է, ուղղակի սկսեցի գիտակցել, որ այս տարիներին սովորածս գործի դնելու ժամանակն է, պիտի անեմ ինձ բաժին հասած աշխատանքս, որովհետև պատերազմում ավելի քան կարևոր է, որ յուրաքանչյուրը հստակ իմանա ու կատարի իր անելիքը:

-Ամենաշատը ու՞մ մասին էիք մտածում ռազմաճակատում:

-Մտածել եմ ընտանիքիս մասին, հարազատներիս, բայց ամենաշատը աղջկաս էի կարոտում, ու երբ տուն զանգելու հնարավորություն էի ունենում, անպայման զանգահարում էի ու ասում, որ հեռախոսը առաջինը իրեն փոխանցեն:

-Հիմա, երբ ժամանակավորապես այստեղ եք, ժամանակ ունեք հանգստանալու ու մտածելու կատարվածի մասին, ի՞նչ եք կարծում` ի՞նչ փոխեց պատերազմը ձեր մեջ ու դեռ ի՞նչ կհասցնի փոխել:

-Պատերազմը և´ թուլացնում է, և´ շատ ուժեղ դարձնում: Այս օրերին շատ ընկերներ եմ կորցրել, ու նրանց կորուստը կարծես թիկունքից հարված հասցնի: Բայց, միևնույն ժամանակ, երբ հիշում ես նրանց, նրանց տված կռիվն ու անսահման սերը հայրենիքի նկատմամբ, հասկանում ես, որ իրենցից հետո թուլանալու իրավունք չունես, որ իրենց վրեժը կիսատ չպիտի թողնես: Պատերազմից հետո պիտի կարողանանք բոլոր ընկած տղաների առաջ պարզ ճակատով լինել: Պիտի ավելի ճիշտ ու պատվով ապրենք, որովհետև ապրելու ենք մի քանի կյանքերի փոխարեն ևս:

-Այնուամենայնիվ, պատերազմը ծանր է, թշնամին` քանակապես շատ: Ըստ Ձեզ` ինչպիսին կլինի պատերազմի ավարտը:

-Թշնամին քանակապես շատ է, ու թվում է` ուժեղ, բայց իրականում չունի գլխավորը, ինչը տանում է դեպի հաղթանակ: Դա ոգին է, որ մեր տղաների մոտ մարտունակ է ու հզոր: Այնտեղ կանգնած ու կռվող յուրաքանչյուր տղա գիտի, որ կռվում է իր ու իր ընտանիքի վաղվա օրվա համար, գիտի, որ հայրենիքը մեկն է ու այն զիջել չի կարելի: Մենք պարտավոր ենք հաղթել, որովհետև ինքներս մեր առաջ դրել ենք միայն այդ նպատակը:

Մարիա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել